Բիոդիզայնի Ինստիտուտ, Տեմպե, Արիզոնա, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԱրիզոնա նահանգի համալսարանի Բիոդիզայնի ինստիտուտի երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2003 թվականին և ավարտվել 2006-ին: Տեմպեում գտնվող ինստիտուտն իրենից ներկայացնում է գիտական հետազոտությունների լաբորատորիա: Նախագծի հեղինակներն են «Գոուլդ Էվանս» (Gould Evans) և «Լորդ, Էք ընդ Սարջընթ Արքիտեքչր» (Lord, Aeck and Sargent Architecture) ճարտարապետական ընկերությունները: Ըստ ճարտարապետական թիմի` ինստիտուտի դիզայնը պետք է խորհրդանշեր գիտության և ապագայի միջև ամուր կապը: Արիզոնայի համալսարանի Բիոդիզայնի ինստիտուտի երկրորդ մասնաշենքն արժանացել է LEED պլատինե հավաստագրման: Ի դեպ, ինստիտուտի այս մասնաշենքը LEED պլատինե հավաստագրման արժանացած առաջին շենքն է Արիզոնայում: .
Շենքի դիզայներները հոգ են տարել շրջակա միջավայրի և շենքի ներքին աշխատանքային պայմանների որակի համար: Վերին և ստորին ալյումինե շերտավարագույրները կանխում են տաքության կուտակումն ամռան ամիսներին: Շինարարական թափոնների 50%-ը վերամշակվել են: Ջրի օգտագործումը կրճատվել է 40%-ով: Տանիքը համալրված է ֆոտովոլտաիկ արևային պանելներով: .
Ինստիտուտի երկրորդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 2006 թվականի հոկտեմբերին: Նախագծի գլխավոր կապալառուն “Դի Փի Ար Քոնսթրաքշըն” (DPR Construction, Inc.) ընկերությունն է: Շենքի հատակների մակերեսը 16 220 քառակուսի մետր է, իսկ շինարարական աշխատանքներն արժեցել են 78,500,000 ԱՄՆ դոլար: Ապակեպատ յուրահատուկ լաբորատորիան զինված է հատուկ համակարգով, որը պահուստավորում է կոնդենսացված ջուրը (օրական մոտ 19,000 լիտր): .
Այսպես կոչված «սուզված այգին», ինչպես նաև շենքի շրջակայքը, ուսանողներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել տարածաշրջանի բնությունը: Շենքի ճարտարապետները հոգացել են նաև հետիոտների և հեծանվորդների մասին` ստեղծելով մայթեր և արահետներ: Օգտագործելով ատրիումի գաղափարը` ինտերիերի դիզայներներին հաջողվել է լուծել բնական լույսի ներթափանցման խնդիրը դեպի բոլոր տարածքներ, որը յուրահատուկ կապ է ստեղծում բնության և շենքում գտնվողների միջև: .
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.gotarch.com