Գրադարան Ալեքսանդրինա, Ալեքսանդրիա, Եգիպտոս

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Եգիպտոս

Հին Ալեքսանդրիայի կարևորագույն խորհրդանիշներից մեկը վերածնելու նպատակով Եգիպտոսում ստեղծվել է գրադարան, որը շլացնում է ոչ միայն իր գրքերի հավաքածուով, այլ ճարտարապետական գեղեցկությամբ և խորհրդանշանակությամբ նույնպես։ Ալեքսանդրինա գրադարանի ստեղծման (Maktabat al-Iskandarīyah) համար պահանջվեց մոտավորապես 25 տարի։ Գրադարանը հայտնի է նաև որպես «Նոր Ալեքսանդրիայի գրադարան»: Դեռևս 4-րդ դարում ավերված Ալեքսանդրիայի անտիկ գրադարանի վայրում նոր գրադարան ստեղծելու գաղափարը մտահղացել են Ալեքսանդրիայի համալսարանի մի խումբ դասախոսներ՝ 1970-ական թվականներին։ Նրանց ջանքերի շնորհիվ նախագիծը ստացավ ֆինանսավորում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարություններից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից և այլն։ Արտասահմանյան նվիրատվությունները կազմեցին շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլար։

1988 թվականին տեղադրվեց շենքի առաջին հիմնաքարը։ Շինարարությունը գլխավորում էր նորվեգական ճարտարապետական «Սնոհեթա» ընկերությունը, որի նախագիծը հաղթել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված ճարտարապետական մրցույթում։ Գրադարանի շինարարությունը ավարտվեց 2001 թվականին, իսկ հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2002-ին։

Գրադարանը, որը գտնվում է փոքրիկ ծովախորշում՝ Միջերկրականի ափին, ունի արեգակնային սկավառակի ձև։ Կլոր շենքը հարավային կողմում վեր է բարձրանում, իսկ հյուսիսայինում՝ թեքվում դեպի ծովը։ Նման ձևն ընտրվել է հին եգիպտական արևի աստծո՝ Ռաի պատվին։ Գրադարանի գլխավոր ընթերցասրահը ունի արևային ժամացույցի տեսքով ապակե տանիք, ինչի շնորհիվ օրվա ցերեկային ժամերին սրահը բնական լուսավորություն ունի։ Սրահի մակերեսը, որն աշխարհում ամենախոշորներից մեկն է, կազմում է 70000 քառ. մետր։ Գրադարանի արտաքին պատերը երեսպատված են մոխրագույն ասուանյան գրանիտով։ Դրանց վրա փորագրված են վիմագրություններ՝ 120 տարբեր լեզուների գրերով։ Մուտքի մոտ կանգնած է ծովից գտնված Պտղոմեոս Երկրորդի արձանը։

Գրադարանում պահպանվում են արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն գրքերի հավաքածուներ։ Ալեքսանդրինայի գրադարանում կարող է տեղավորվել շուրջ 8 միլիոն գիրք։ Գրադարանն ունի հատուկ սրահներ կույրերի, երեխաների և դեռահասների համար։ Այստեղ կարելի գտնել գիտության պատմության թանգարան, պլանետարիում, ձեռագրերի վերականգնման լաբորատորիա, ցուցահանդեսների սրահներ, նիստերի դահլիճներ և այլն։

Ներկայումս, Ալեքսանդրինա գրադարանը իր տպավորիչ ճարտարապետությամբ վկայում է մարդկային բանականության մեծության մասին,ինչպես նաև հիշեցնում ժամանակակից մարդուն անտիկ գիտական կարևոր կենտրոններից մեկի մասին, որն անցյալում եղել է Էվկլիդեսի և Արքիմեդի ապաստարանը։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ