Բերնարդինականների Կաթոլիկ Տաճար, Ուկրաինա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ուկրաինա

Բերնարդինականների Կաթոլիկ Տաճար և Վանք, Լվով, Ուկրաինա

Սուրբ Անդրեասի տաճարը Լվովի ամենագեղեցիկ տաճարներից է և մտնում է 15-րդ դարում հիմնված Բերնարդինական վանական համալիրի մեջ։ Վանքի` մինչ մեր օրերը պահպանված շինությունները կառուցվել են 17-րդ դարում։ Մի քանի դար շարունակ քաղաքի կենտրոնից հեռու գտնվող վանքը և նրա պաշտպանական պատերը Լվովի համար ունեցել են ստրատեգիական նշանակություն։ Սուրբ Անդրեասի տաճարը գտնվում է վանքի հենց սրտում, և բարեբախտաբար, ի տարբերություն համալիրի մյուս շինությունների, ամբողջովին պահպանվել է։

Սուրբ Անդրեասի տաճարը կառուցված է եռահարկ բազիլիկի տեսքով, անկյունահղկված ապսիդով։ Տաճարի նախագիծը, համաձայն ավանդույթի, մտահղացել է վանականներից մեկը։ Շենքի ճարտարապետական ոճը միավորում է մի շարք ճարտարապետական ուղղություններ (գերակշռում է իտալական վերածնունդը)։ Նման տարատեսակության պատճառը թաքնված է նրանում, որ տաճարը կառուցել են մի քանի ճարտարապետներ։ Ամենասկզբում շինարարությամբ զբաղվել է Պետրոս Հռոմեացին, որ կառուցել է տաճարի համեմատաբար համեստ ստորին հատվածը։ Նրա վախճանից հետո շինարարությունը շարունակել է Ամբրոսիյ Պրիխիլնին, որը կառուցել է շինության ավելի տպավորիչ երկրորդ հարկը, իսկ երրորդ հարկը ավարտել է Անդժեյ Բեմերը։ Հենց նա էլ հեղինակն է կառույցի ճակատի զարդաքանդակների, որտեղ տեղադրված են եղբայրության սրբերի պատկերները, իսկ երկրորդ հարկում պատկերված են Սուրբ Մարիամը և Պետրոս ու Անդրեաս առաքյալները։

Տաճարը կառուցվել է 1600 թվականից մինչև 1630-ը։ Նրա բարձրությունը 22 մետր է, իսկ երկարությունը՝ 57,5։ Այն կառուցված է սրբատաշ մուգ քարից։ Շենքի ինտերիերը իրականացված է բարոկկո ոճով։ Տաճարի ներսում պահպանվել են 17-րդ դարում կառուցված փայտյա խորանները։

Բերնարդինականների տաճարի վերաբերյալ կան բազմաթիվ առասպելներ։ Դրանցից մեկը կապված է ժամացույցի հետ, որը տեղադրված է տաճարին հարող աշտարակի վրա։ Առասպելի համաձայն, վանքի վանականներից մեկը քաղաքը փրկել է թաթարների հարձակումից, որոնք, քնած պահապանների մեղքով, համարյա թե ներս էին մտել քաղաք բաց դարպասներով, սակայն հնարամիտ վանականը աշտարակի ժամացույցի սլաքները հինգ րոպե առաջ է տեղափոխել, հնչել են եկեղեցու զանգերը և արթնացած պահապանները հասցրել են ժամանակին փակել դարպասները։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ