Հյուրանոց-Փարոս, Հանկո, Ֆինլանդիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՖինլանդիաՀիասքանչ, գեղատեսիլ բնապատկեր դեպի Բալթիկ ծովը՝ հյուրանոց, ռեստորան, թանգարան, շոգեբաղնիք և նվերների խանութ. ահա' մի ամբողջ համալիր ծառայություններ, որոնցով հպարտանում է Սկանդինավյան երկրների ամենաբարձր փարոսը: Այն կառուցվել է 1906թ.-ին ծովափից ոչ շատ հեռու՝ Բենգսկեր կղզու վրա, Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի մուտքին, Հանկո քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Իսկ Հանկոն Ֆինլանդիայի ամենահարավային առողջարանային քաղաքն է, որը գտնվում է համանուն թերակղզու վրա և գրավում բազում զբոսաշրջիկների իր բուժիչ հանքային ջրերով: Փարոսը, որը վեր է խոյանում իր 52մ բարձրությամբ, տևական պատերազմների հետևանքով մասնակի քանդվել է և հետագայում վերականգնվել ու շարունակել ծառայել իր բուն նպատակին: Փարոսի պատմական ուղու մասին բոլոր հետաքրքիր մանրամասնությունները պահվում են սեփական թանգարանում, որպեսզի այցելուներին եզակի հնարավորություն ընձեռնվի ոչ միայն վայելելու բնության մի հրաշալի տեսարան, այլև ծանոթանալ հաղթական փարոսի որոշ փաստերի և հետաքրքիր պատմությունների հետ, ինչպես նաև երկու Համաշխարհային պատերազմների ընթացքում ունեցած դերի մասին:
Հյուրանոց-փարոսի բոլոր սենյակներն ուղված են դեպի ծովը: Այն հայտնի է նաև իր սանդուղքով, որի 252 աստիճանները ուղեկցում են դեպի աշտարակ: Եվ ահա՛, բացվում է մի շքեղ տեսարան դեպի ալեծուփ ծովն ու հորիզոնի հիասքանչ պատկերները:
Իսկ ռեստորանը պատրաստ է զարմացնել Ձեզ բազում ծովամթերքներով, որոնցից ըստ հաճախորդի ցանկության կպատրաստեն համեղ ճաշատեսակներ: Այո՛, նաև նշեմ, որ Բենգսկեր կղզի կարելի է հասնել ուղղաթիռով կամ նավով: Գիշերելն այս անսովոր հյուրանոցի մեկ սենյականոց համարում արժե 110 եվրո: Ներկայումս այն հայտնի զբոսաշրջային վայր է, որն աշխատում է վաղ մայիսից մինչև ուշ սեպտեմբեր և տարվա ընթացքում ընդունում է 13000-ից 15000 զբոսաշրջիկ:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am