Ավանի Կաթողիկե Եկեղեցի, Երևան, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՀայ ճարտարապետության զարգացման մեջ իր մեծ դերն է ունեցել Ավանի Կաթողիկե եկեղեցին: Այս տաճարի մասին չեն պահպանվել մատենագրական նյութեր կառուցման ժամանակի, պատվիրատուի և ճարտարապետ կառուցողի վերաբերյալ:
591թ-ին Հայաստանի երկրորդ բաժանումից հետո, Մորիկ կայսեր հրամանով Բյուզանդական մասում գտնվող Կոտայքի Ավան գյուղաքաղաքը դառնում է հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարանցու նստավայրը: Ըստ VII դարի պատմիչ Սեբեոսի, Ավանի տաճարը և նրան կից պալատը կառուցել է կաթողիկոս Հովհան Բագարանցին: Քանի որ չկան տվյալներ ճարտարապետի վերաբերյալ Թ.Թորամանյանը գտնում է , որ այդ ժամանակ հենց հոգևոր պետերն են թելադրել կառուցվելիք եկեղեցու հատակագծային լուծումները: Միջնադարում հոգևորականներն իրենց կրթությունը ստանալու ընթացքում տիրապետել են նաև «ճարտարապետություն» դասընթացին: Քանի որ չկան հստակ տվյալներ եկեղեցու կառուցման ժամանակագրության վերաբերյալ Կ.Գ.Ղաֆադարյանը գտնում է, որ այն կառուցվել է մինչև Հ.Բագարանցու կաթողիկոս դառնալը` մինչև 591թ-ը: Թ.Թորամանյանը համարում է այն VI դարի II կեսին կառուցված հուշարձան, քանի որ Ավանի եկեղեցու հատակագիծը ստեղծվել է այն ժամանակ, երբ առկա էին այդ տեսակ ճարտարապետական ձևերն ու միջոցները: Ավանի եկեղեցին իր կառուցվածքով պատկանում է հայ Ճարատարապետության կենտրոնագմբեթ կառուցվածքների տիպին: Հատակագծում արտաքինից այն արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն-քառանկյունի է: Արտաքին ուղղանկյան և ներքի խաչաձև պարագծերի միջև` չորս անկյուններում առկա են բոլորակ հիմքերով, գմբեթարդ ծածկով սենյակներ: Այժմ տաճարը գտնվում է կիսաքանդ, ավերված վիճակում և հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել նրա տանիքի կառուցվածքի մասին: Թ.Թ.-ը համարում է, որ Ավանը հինգ գմբեթանի եկեղեցի է եղել, ինչն այն դարձնում է առավել արժեքավոր և անգնահատելի ճարտարապետության համար: Քանի որ VI դարի մոտավորապես 80–ական թվականներին կառուցված Կաթողիկե եկեղեցին առաջին կենտրոնագմբեթ հինգ գմբեթանի եկեղեցին է և հանդիսանում է այս տիպի եկեղեցիների նախօրինակը: Եկեղեցու հատակագիծն ամբողջական հորինվածքով իր նախորդը չի ունեցել: Մեզ հայտնի չէ, թե տաճարը նախագծելիս ճարտարապետները որքանով են դիմել համաչափական կանոնների կիրառմանը, սակայն ակնհայտ է, որ հետազոտությունների արդյունքում եկեղեցու տարբեր մասերում և մանրամասներում առկա են որոշ օրինաչափություններ, ֆունկցիոնալ կապեր և կախումներ, առկա է «ոսկե բաժանման» օրենքը: Պատմաբան Մարությանը համարվում է, որ Ավանի եկեղեցին նվիրված է եղել առաքյալներին, ինչպես և Կոստանդնուպոլսի հինգ գմբեթանի Առաքելոց եկեղեցին (536-550թթ.): Հետագայում եկեղեցին վերանվանվել է Սբ. Հովհաննես, իսկ տեղացիներն այն անվանում են Ծիրանավոր (ծիրանի գույն ունեցող):
Եկեղեցին գտնվում էր ավերակ վիճակում մինչ 1941թ-ի մասնակի վերակառուցումը, հետագայում աշխատանքներ են տարվել նաև 1968-ին:
Հոդվածը Ռուզաննա Մկրտչյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.facebook.com