Աբսոլյուտ Աշտարակներ, Միսսիսոգա, Կանադա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԿանադաԱբսոլյուտ աշտարակները (Absolute Towers) «Աբսոլյուտ սիթի կենտրոն» (Absolute City Centre) քաղաքաշինական նախագծի մի մասն են կազմում: Կենտրոնը բաղկացած է 5 աշտարակներից, որոնցից առանձնանում են երկուսը՝ հյուսիսայինն ու հարավայինը: Շենքերի կառուցվածքների հեղինակ է հանդիսանում «Զիգմունդ Սուդակ և գործընկերներ» (Sigmund Soudack & Associates Inc) ընկերությունը, իսկ ճարտարապետական նախագծումն իրականացրել է «Բուրկա Արքիթեքթս»-ը (Burka Architects)՝ երկուսն էլ Տորոնտոյից:
Երկու աշտարակների հատակների ընդհանուր մակերեսը կազմում է 85.000մ2: Չնայած նրան, որ աշտարակները բնակելի են, դրանցում կյանքն ավելի նման է փակ ակումբում ապրելակերպի. բնակարաններն այստեղ կահավորված են միջին դասի համար անհասանելի շքեղությամբ: Շենքի բնակիչները կարող են լողալ փակ, բաց և նույնիսկ ջրապտույտով լողավազաններում, կամ հանգստանալ սպա-սրահում կամ սաունայում: Հսկայական սպորտային սրահում կա սքվոշի, պիլատեսի, աերոբիկայի դահլիճ, քաշի վերահսկման կենտրոն. ու այս ամենը կարելի է համաձայնեցնել անհատական մարզիչի հետ, որն աշխատում է հենց տեղում: Պասիվ հանգստի սիրահարները նույնպես անգործ չեն մնա. աշտարակներում կա բիլյարդի, խաղաքարտերի սրահ, անհատական կինոդիտումների դահլիճ, բարբեքյուի տարածք, մեդիա կենտրոն ու երեք հանդիսությունների սրահ, որտեղ բնակիչները կարող են բարձր հասարակության համար երեկույթներ կազմակերպել: Աշտարակների տակ նաև կա 6 հարկ ստորգետնյա ավտոկայանատեղի, որպեսզի բնակիչները նեղվածք չզգան:
56 և 50-հարկանի աշտարակները (համապատասխանաբար 179,5մ և 158 մ բարձր.) կառուցվել են հակառակ “երկնաքերաշինության” կանոններին. աշտարակները նման են երկու պարույրների, որոնք պտտվում են սեփական առանցքի շուրջ 209 աստիճանով: Ընդ որում, եթե հարավային աշտարակը միջնամասում (իրանում) ավելի նեղ է դառնում, ապա հյուսիսայինն ընդհակառակ՝ լայնանում է: Դրա շնորհիվ աշտարակները հաճախ անվանում են «զույգ»՝ ի նկատի ունենալով, որ հարավայինը կոկետուհի կին է, իսկ հյուսիսայինը՝ առնական տղամարդ:
Բացի այդ տեղացիները հաճախ աշտարակներն անվանում են Մերիլին Մոնրոյի շենքեր՝ ակնարկելով հայտնի շիկահերի խելքահան անող կազմվածքը: Իրենց շատ զգայական կառուցվածքի շնորհիվ, որը բնորոշ չէ երկնաքերի, աշտարակները ներառվել են աշխարհի ամենասեքսուալ շենքերի ցուցակում: Նույնիսկ դրանց հասցեն ինչ-որ գայղթակղիչ բան է պարունակում իր մեջ՝ «Կատարյալ պողոտա 60» (60 Absolut Avenue):
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
绝对塔,加拿大密西沙加