Սուրբ Գալլի Գրադարան, Սանկտ-Գալլեն

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շվեյցարիա

Սուրբ Գալլի Գրադարան, Սանկտ-Գալլեն, Շվեյցարիա

Անտիկ գիտական կենտրոն, Շվեյցարիայի հնագույն գրադարան, աշխարհի անընդմեջ գործող ամենահին գրադարաններից մեկը, միջնադարյան ամենահարուստ գրադարաններից մեկը, վայր, որտեղ ապրել և ստեղծագործել են հայտնի միջնադարյան գիտնականներ... Սուրբ Գալլի մենաստանի գրադարանի (Stiftsbibliothek St. Gallen) պատմությունը նկարագրող այս ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել:

Սուրբ Գալլի մենաստանի պատմությունը իր արմատներով հասնում է մինչև 7-րդ դար: 613 թվականին, այժմյան մենաստանի վայրում, Գալլ անունով մի իռլանդացի հոգևորական իր համար խրճիթ էր կառուցել: Նրա մահից հետո որոշում կայացվեց այստեղ կառուցել մենաստան, իսկ քիչ անց՝ նաև գրադարան: Արդեն 8-րդ դարում գրադարանում հայտնի գիտական կենտրոն էր գործում, որտեղ բազմաթիվ մատենագիրներ ջանասիրաբար աշխատում էին՝ ստեղծելով հիասքանչ մատյաններ, որոնք այսօր էլ հիացնում են Սուրբ Գալլի գրադարանի այցելուներին:

Ուշագրավ է, որ 937 թվականին ողջ մենաստանը հրդեհի պատճառով այրվեց, սակայն գրադարանն ինչ-որ հրաշքով անվնաս մնաց: 17-րդ դարում այստեղ հիմնադրվեց տպագրատուն, որը հնարավորություն տվեց Սուրբ Գալլի գրադարանին պահպանել իր առաջատար գիտական կենտրոնի ստատուսը:

Ներկայիս գրադարանի և մենաստանի շենքերը կառուցվել են 1755-ից 1768 թվականներին: ճարտարապետը Պիտեր Թումբն է: Արտաքինից գրադարանի շենքը բավակին համեստ է, սակայն մտնելով ներս գրադարանի այցելուն կարծես թե հայտնվում է Դիսնեյի «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի կախարդական գրադարանում: Գրադարանի գլխավոր մուտքի վերևում տեղադրված է ցուցանակ, որի վրա հունարենով գրված է «Հոգիների բուժարան»: Միջնադարում գիտելիքների կամ խելքի բացակայությունը համարվում էր հիվանդություն, որը կարելի էր բուժել միայն գրքերի օգնությամբ: Այդուհանդերձ, այս գրադարանը բուժում է մարդու հոգին ոչ միայն գրքերով, այլ նաև իր անկրկնելի գեղեցկությամբ: Տաճարը նույնպես անկրկնելի գեղեցիկ է և դասվում է Շվեյցարիայի բարոկկո ոճի լավագույն կառույցների շարքում:

Գրադարանի գլխավոր ընթերցասրահը կառուցված է ռոկոկո ոճով: Սրահի փայտե հատակն այնքան գեղեցիկ է, որ նրա վրա կարելի է քայլել միայն հատուկ կոշիկ հագնելուց հետո: Սրահի առաստաղը զարդարում է բարոկկո ոճի հիասքանչ որմնանկարներ: Դրանք ոչ միայն զարդարում է, այլև վիզուալ մեծացնում են սրահը: Հատակից մինչ առաստաղ սրահի բոլոր անկյունները պատված են փայտե գրապահարաններով, որոնց ամեն մի մաս հիացնում է իր գեղեցկությամբ և մանրակրկիտ աշխատանքով: Զարմանալի չէ, որ Սուրբ Գալլի գրադարանը 1983 թվականից գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Այսօր, գրադարանում պահպանվում են ավելի քան 160 հազար գիրք, որոնցից 2100-ը հնագույն ձեռագրեր են: Այստեղ է պահվում նաև աշխարհի ամենահին ճարտարապետական նախագիծը՝ «Սուրբ Գալլի պլանը», որը, սակայն, այդպես էլ մնացել է թղթի վրա:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ