41 Կուպեր Սքուեր, Նյու-Յորք, ԱՄՆ

Ի՞նչ է LEED Հավաստագրումը

Այսօր ճարտարապետներն ավելի հաճախ պետք է մտածեն ոչ միայն նախագծվող շինության ճարտարապետական արժանիքների, այլ նաև շրջակա միջավայրի և այն մարդկանց առողջության պաշտպանության մասին, ովքեր զբաղեցնելու են այդ կառույցը: «Կուպեր Յունիոն» քոլեջի (Cooper Union) նոր շենքը որն առավել հայտնի է 41 Կուպեր Սքուեր անվան տակ, լիովին պատկանում է «կանաչ» շենքերի շարքին: Իզուր չէ, որ այս կառույցը արժանացել է բարձրագույն՝ LEED Պլատինե հավաստագրման (Առաջնորդություն էներգիայի և շրջակա միջավայրի դիզայնի ոլորտում):

41 Կուպեր Սքուերը ունի պերֆորացված, չժանգոտվող պողպատից կառուցված արտաքին ճակատ, որը նպաստում է էլեկտրոէներգիայի խնայողությանը. այն շենքը հով է պահում ամռանը և տաք՝ ձմռանը: Կառույցի շրջակա միջավայրի համար անվնաս շինություն լինելու օգտին է խոսում նաև այն, որ շենքի նախագծային լուծումները նպաստում են բնական լուսավորության ներթափանցմանը, ինչի շնորհիվ շինության ներքին տարածքների մոտ 75 տոկոսը օրվա ընթացքում լուսավորվում է բնական լույսով:

41 Կուպեր Սքուերը նախագծվել է «Մորֆոսիս Արքիթեքթս» (Morphosis Architects) ճարտարապետական ընկերության կողմից՝ Թոմ Մեյնի գլխավորությամբ: Այն համեմատաբար նոր շենք է. շինարարությունն ավարտվել է 2009-ին: Բուն քոլեջը, սակայն, բավականին հին է (հիմնադրվել է 1859 թվականին), և մյուս մասնաշենքերը համապատասխանաբար մեկ ու կես դարի պատմություն ունեն և իրենց ճարտարապետական ոճով լիովին տարբերվում են նորից: Այս կոնտրաստի հիմքում համալսարանի ղեկավարության ցանկությունն էր, որպեսզի նոր մասնաշենքը խորհրդանշի ուսումնական հաստատության կողմից տրամադրվող արդի՝ նորարարական կրթությունը:

Շենքի ներսում առանձնահատուկ ուշադրություն է գրավում մեծ աստիճանը, որն ունի 6 մետր լայնություն: Քանի որ վերելակը կանգ չի առնում բոլոր հարկերում, այս աստիճանը հաճախ լսարան հասնելու միակ ճանապարհն է հանդիսանում: Այս հանգամանքը ստիպում է ուսանողներին ավելի շատ շարժվել և հետևաբար ավելի առողջ կենսակերպ վարել: Քոլեջի նոր մասնաշենքը հարուստ է բազմաթիվ հանգստի գոտիներով, որոնք նախատեսված են ուսանողների դասերից դուրս ազատ շփում ապահովելու համար:

41 Կուպեր Սքուերի կարևորագույն արտաքին առանձնահատկությունը ասիմետրիկ ճակատին ապակյա կտրվածքն է, որը շենքին հաղորդում է առանձնահատուկ, նույնիսկ ավելին՝ տարօրինակ տեսք: Իր տարօրինակ արտաքին տեսքով կառույցը կտրուկ առանձնանում է անգամ Նյու-Յորքյան բազմաոճ ճարտարապետական պատկերում:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ