30 Բոնդ, Սիդնեյ, Ավստրալիա
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԱնշարժ գույքի ներդրումային ծառայություններ իրականացնող «Լենդ Լիզ» ընկերության գլխավոր գրասենյակը` «30 Բոնդ» շինությունը (30 The Bond), առաջին գրասենյակային շենքն է Ավստրալիայում, որն Ավստրալիայի էկոլոգիապես մաքուր շենքերի խորհրդի կողմից արժանացել է «Հինգաստղանի կանաչ աստղ» (5 Star Green Star) մրցանակի: Վերջինս համարժեք է ամերիկյան LEED Ոսկե հավաստագրման: Ավստրալիայի էկոլոգիապես մաքուր շինությունների խորհրդի գլխավոր նպատակն է քաջալերել կայուն շինությունների զարգացման գործընթացը երկրում:
Կառույցը գտնվում է Նոր Սաութ Ուելսում, Սիդնեյի նավահանգստի մոտ` Հիքսոն փողոցում: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2004-ի մարտին, իսկ «կանաչ» հավաստագիրը տրվել է 2006 թվականին: Հայտնի շինության կառուցապատողն ու ճարտարապետը «Լենդ Լիզ» ընկերությունն է, նախագծման մեջ նաև մասնակցել են Whittaker Hadenham Openshaw և PTW Architects ընկերությունները: Որպես պատվիրատու հանդես է եկել գերմանական Դոյչե Բանկի RREEF հիմնադրամը (DB RREEF- Deutsche Bank Rosenberg Real Estate Equities Fund): Ամենաշատ մրցանակների արժանացած կոմերցիոն շինությունն Ավստրալիայում մեծ ձեռքբերումների է հասել մի շարք առումներով` ածխաթթու գազի արտանետումների կրճատում (48%), բնական օդափոխություն և օդն աղտոտող արտանետվող նյութերի նվազեցում: Շենքի արտաքին շերտավարագույրները կամ այսպես կոչված «վենետիկյան վարագույրները» կարգավորում են արտաքին պատերի ջերմային կայունությունը: Շենքում կարելի է տեսնել նաև կայուն նախագծման այնպիսի կարևոր տարրեր, ինչպիսիք են ցածր քանակի օրգանական նյութեր արտանետող ներկերն ու գորգերը, ատրիումի քառահարկ բնական քարե պատը, բնական տաքացման և հովացման համակարգերի օգտագործումը և այլն:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.archello.com