Մերի Էքս 30 Աշտարակ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ի՞նչ է LEED Հավաստագրումը«Վարունգի» կառուցման գաղափարը պատկանում է ճարտարապետ Նորման Ֆոստերին ու Arup ընկերության ինժեներներին, իսկ կառուցման աշխատանքներն իրականցրել են Skanska և Hilson Moran Partnership ընկերությունները: Շինարարությունն ավարտվել է 2003թ-ի դեկտեմբերին, իսկ բացման արարողությունը կատարվել է 2004թ-ի մայիսին: Շենքը կառուցվել է Swiss Re ապահովագրական ընկերության պատվերով, ու ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխվեց այստեղ:
Երկնաքերի բարձրությունը կազմում է 180 մետր, այն գտնվում է նախկին Բալթյան բորսայի տեղում (այն վնասվել էր 1992թ. Իռլանդական հանրապետական ուժերի հարձակման արդյունքում): Հեղինակը աշխատել է, որպեսզի շենքում օգտագործվի հնարավորինս շատ բնական լուսավորություն ու օդափոխություն: Արդյունքում այդպես էլ ստացվեց. շենքը ծախսում է կրկնակի ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան նմանատիպ ցանկացած շինություն:
Աշտարակն առաջիններից է LEED պլատինե հավաստագրի արժանացած շինությունների շարքում:Շենքում կիրառվում է էներգիայի խնայողության համակարգ, որի շնորհիվ ավելի քիչ հոսանք է ծախսվում: Յուրաքանչյուր հարկում կան հատուկ նախագծված «բացվածքներ», որոնք կազմում են օդափոխման վեց հորանցք: Վերջիններս ծառայում են` որպես օդափոխության յուրահատուկ համակարգ և ստեղծում են կրկնակի ապակեպատման էֆեկտ: Օդը մնում է ապակու երկու շերտի արանքում և մեկուսացնում է շենքը: Գարնան և ամռան ամիսներին հորանցքերը շենքից հեռացնում են տաք օդը, իսկ ձմռանը այսպես կոչված արևային պասսիվ տաքացման օգնությամբ տաքացնում են շենքը: Համակարգը թույլ է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը, քանի որ արևի լույսը հեշտությամբ թափանցում է ներս: Պատկերավոր կերպով ասած` հորանցքերը ծառայում են որպես շենքի թոքեր, որոնք թարմ օդը ներս են բերում ճակատի պանելների միջով: Հետևաբար, աշտարակում օդորակման հրատապ անհրաժեշտություն չկա: 40-հարկանի հսկան իր այցելուներին առաջարկում է բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, այդ թվում և գմբեթում գտնվող բարը, որտեղ այցելուները կարող են վայելել Լոնդոնի 360° համայնապատկերը:
2006թ. Սեպտեմբերին Swiss Re ընկերությունը վաճառքի հանեց շենքը £600 մլն-ով: Հավանական գնորդների ցուցակում էր նաև Աբու Դաբիի թագավորական ընտանիքը: 2007թ. Փետրվարին ստորագրվեց առքի պայմանագիր IVG Immobilien AG անշարժ գույքի ընկերության ու Evans Randell ներդրումային ընկերության միջև: Երկու ընկերությունները շենքը գնելու համար ծախսեցին £630 մլն (մոտ $1.18 մլրդ): Այսպիսով «վարունգը» դարձավ Մեծ Բրիտանիայի ամենաթանկ գրասենյակային տարածքը: Իմիջիայլոց, աշտարակի վաճառքից հետո, Swiss Re ընկերությունը շարունակում է զբաղեցնել շենքի առաջին 15 հարկերը, բայց արդեն վարձակալության սկզբունքով:
Իմիջիայլոց անվանումների մասին. ի շնորհիվ իր «ֆալլոսանման» տեսքի, շենքը դասվել է աշխարհի ամենասեքսուալ շենքերի ցանկում Ագբար աշտարակի, Մերլին Մոնրո շենքերի և մի շարք այլ նմանատիպ շինությունների հետ միասին: Թվում է՝ երկարավուն ձևերը միշտ մարդկանց մոտ ասոցացվելու են ֆալլոսի խորհրդանիշի հետ: Ինտերնետը լի է հարյուրավոր նկարներով, որտեղ սրամիտ զբոսաշրջիկներն իրենց էրոտիկ գաղափարները կիրառում են աշտարակի հանդեպ:
Երկնաքերի էրոտիկ համբավը հասել է նաև Հոլիվուդ. այստեղ են նկարահանվել մի շարք ֆիլմերից հատվածներ, այդ թվում՝ լեգենդար «Հիմնական բնազդի» երկորդ մասը:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am