Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Տող, ԼՂՀ (Հայաստան)

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Համաձայն մուտքի տիմպանի (ճակատամասի) արձանագրությանը, եկեղեցին 1747թ. վերանորոգել են մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ` միջնադարյան մայր տաճարի տեղը, որն իր հերթին, պատմիչների կարծիքով, կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա: Միջնադարյան եկեղեցու գոյության մասին վկայում են ապսիդի քարի շարվածքի տակ երևացող գմբեթավոր եկեղեցու պատերի հիմքերը: Բացի այդ հին կառույցի հետքերը կարելի է տեսնել եկեղեցու հարավային պատի տակ:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն կամարակապ դահլիճ է: Ավանդատները գտնվում են արևելյան մասում: Պատերը կառուցված են կոպտատաշ քարերից, որոնք մնացել են քանդված եկեղեցուց: Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Խաչքարերի յուրահատուկ հավաքածու (51 հատ) տեղադրված է եկեղեցու պատերի մեջ: Այստեղ կան ինչպես արխաիկ հավասարաթև խաչեր, այնպես էլ XVIII դարի դասական հորինվածքներ:

Եկեղեցու տարածքը ծածկված է գերեզմանաքարերով, որոնք քարի վրա փորագրման միջնադարյան արվեստի վառ օրինակներից են: Այստեղ պատկերված են շքեղ խնջույքի պատկերներ, հեծյալներ, զինվորներ, երաժիշտներ և որսկաններ. ամենայն հավանականությամբ թեմատիկորեն կապված հանգուցյալների կյանքի հետ:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.fotki.yandex.ru


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ