Էլմինա Ամրոց, Էլմինա, Գանա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Գանա

Էլմինա ամրոցը (Elmina Castle, նախկինում São Jorge da Mina) կառուցվել է 1482թ. պորտուգալացի ազնվական ու ծովագնաց Դիոգու դե Ազամբուժաի ղեկավարությամբ: Էլմինան Աֆրիկայի տարածքում եվրոպական առաջին կառուցված շինությունն էր, Սահարայից հարավ: Գվինեական ծոցում ամրոցը կարևոր կետ էր Պորտուգալիայի համար: 1637թ. ամրոցին տիրացան հոլանդացիներ: 1871 այն անցավ Բրիտանական կայսրությանը և մնաց նրա տիրապետության տակ մինչև Գանայի անկախության հռչակումը՝1957թ.: Այժմ Էլմինա ամրոցը համարվում է պատմական հուշարձան և գրանցված է UNESCO–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Պատմության մեջ, սակայն, ամրոցը պահպանվել է առաջին հերթին որպես ստրկավաճառության կենտրոն: Այս պատմական հուշարձանը սպիտակ մարդու հանդեպ սևամորթների ատելության ձոն է: Այստեղ ստրուկները պահվում էին, մինչև որ գար իրենց վաճառելու հերթը: Սակայն, քանի որ պայմաններն այստեղ անմարդկային էին, շատերը չէին դիմանում և հենց այստեղ էլ մահանում էին: Շենքի հիմնական «տեսարժան վայրը» մեծ ջրհորն է, որտեղ էլ հենց ստրուկներն «ապրում էին» մինչև նոր տիրոջը հանձնվելը: Այսօր այս ջրհորի տեսքը շատերին միայն սարսափեցնում է, իսկ մարդիկ ժամանակին այստեղ ամիսներով, իսկ երբեմն` տարիներով ապրում էին: Ամրոցն ունի նաև «մահապարտների խուց», որն իրենից ներկայացնում է նեղ ու խոնավ մի սենյակ: Այստեղ նույնիսկ ցերեկը խավար է լինում: Սենյակի միակ պատուհանից, որ գրեթե հատակի վրա է, երևում է լույսի միայն մի թույլ ճառագայթ: Պատերին մինչ օրս պահպանվել են մեծ մետաղյա ձեռնաշղթաները, որոնցով ստրուկներին կապում էին: Հաճախ հենց դրանց պատճառով էլ մարդիկ մահանում էին. դրանք հարում էին ձեռքերն ու ոտքերը` առաջացնելով թարախակալած վերքեր:

Չնայած նրան, որ նման ծանր պայմանների պատճառով շատ ստրուկներ մահանում էին` այդպես էլ չհասնելով վաճառքին, ստրկատերերը չէին լավացնում նրանց կյանքի պայմանները` գերադասելով կորցնել իրենց «ապրանքը»:

Այսօր Էլմինա ամրոցը բաց է զբոսաշրջիկների համար, բայց տպավորվող և վառ երևակայություն ունեցող մարդկանց միանշանակ խորհուրդ չի տրվում այցելել այս վայրը:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.biulding.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ