Զվարթնոցի Տաճար, Վաղարշապատ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Բացառիկ ճարտարապետական արժեք է ներկայացնում Վաղարշապատից քիչ հեռու գտնվող Զվարթնոցի համալիրը, որն իր մեջ ներառում է Զվարթնոցի տաճարը և մոտակայքում գտնվող կաթողիկոսական պալատը: Այս հիասքանչ համալիրը 641–661թվականներին կառուցվել է Ներսես III Շինող կաթողիկոսի պատվերով, ում ակտիվ շինարարական գործունեության շնորհիվ «Շինարար» էին կոչում: Զվարթնոցը հիմնված է այն ճանապարհին, որով Տրդատ III թագավորը գնաց դիմավորելու Վաղարշապատ ժամանող Գրիգոր Լուսավորչին, և ենթադրվում է, որ Ներսես III կաթողիկոսը տաճարը կառուցեց ի հավերժացումն այդ հանդիպման, քանի որ այն նաև կոչվում Էր Սուրբ Գրիգոր: Սակայն համալիրը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով, քանի որ այն նաև նվիրված էր երկնային զվարթուններին՝ հրեշտակներին։ Այսպիսով՝ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:

X դարի վերջին, ենթադրաբար երկրաշարժի ժամանակ, տաճարը գրեթե ամբողջովին ավերվել է, սակայն պատմական աղբյուրները չեն փաստում քանդման իրական պատճառը: 1901-1907 թվականներին վարդապետ Խաչիկ Դադյանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից: Շնորհիվ այս պեղումների հնարավոր եղավ վերականգնել տաճարի նախնական ճշգրիտ տեսքը, որը մինչ այժմ ընդունված է գիտնականների կողմից որպես իրական: Ըստ Թորոս Թորամանյանի Զվարթնոցը եղել է եռաստիճան կառույց՝ բաղկացած հետզհետե նվազող տրամագծերով բազմանիստերից, որոնք ավարտվում են կոնաձև գմբեթով: Տաճարի բարձրությունը մոտ 45 մետր էր, իսկ առաջին մակարդակի տրամագիծը՝ 35.75 մետր, ուներ 5 մուտք և կառուցված էր բաց մոխրագույնից մինչև սև գույնի տուֆ քարերից:

Ըստ միջնադարյան պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ տաճարը օծվել է 653 թվականին: Հետագայում Դվինի պաշարումը և արևելյան սահմաններին բյուզանդական ու արաբական բանակների միջև ընթացող պատերազմները ստիպեցին Ներսես Կաթողիկոսին տեղափոխել կաթողիկոսի նստավայրը Դվինից Զվարթնոց:

Զվարթնոցի ճարտարապետական ոճն ու գեղեցկությունն այնքան նշանավոր էին դարձել, որ հետագայում` X-րդ դարի երկրորդ կեսին, Գագիկ I թագավորի հրամանով ճարտարապետ Տրդատը Անի քաղաքում նույն ոճով կառուցեց Գագիկաշեն (Սուրբ Գրիգոր) եկեղեցին:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ