Վիլանովյան Պալատ, Վարշավա, Լեհաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼեհաստանԵթե ցանկանում եք թագավորների մասին հեքիաթներ գրել կամ ոգեշնչվել արքայադուստրերի մասին դիսնեյյան ֆիլմերի ոճով մուլտֆիլմեր նկարահանելու համար, ապա դուք անպայման պետք է այցելեք Վարշավայի Վիլանովյան պալատ (Pałac w Wilanowie):
Վիլյանովյան պալատի պատմությունը սկսվել է 1677 թվականին, երբ լեհական թագավոր Յան III Սոբեսկին սկսեց իր համար կառուցել նստավայր Վարշավայից ոչ հեռու գտնվող փոքրիկ գյուղում։ Սկզբնապես պալատը կոչվում էր Նովա Վիլլա, բայց ժամանակի ընթացքում վերանվանվեց և կոչվեց Վիլանովյան։ Փոքրիկ գյուղը նույնպես ժամանակի հետ վերափոխվեց՝ ընդարձակվող Վարշավան կլանեց այն և շրջապատեց պալատական համալիրը։ Այժմ ողջ շրջանը, որտեղ գտնվում է պալատը, ի պատիվ գյուղակի, կրում է Վիլանովյան անունը։
Շինությունը 1677-ից մինչև 1698 թվականներին կառուցել է Ավգուստին Լոցցին, ով ի սկզբանե կառուցեց համեստ միահարկ առանձնատուն։ Սակայն մի քանի տարի անց թագավորը որոշեց այս կալվածքը վերածել ամառային նստավայրի։ Այդ նպատակով ամբողջ Եվրոպայից հրավիրվեցին վարպետներ, իսկ նրանց աշխատանքների արդյունքները իրենց շքեղությամբ և գեղեցկությամբ շլացնում են մինչ օրս։
Պալատը իրենից ներկայացնում է եզրային աշտարակներով լեհական պալատական առանձնատան, իտալական քաղաքամերձ վիլլայի և պարտեզով ու երկու կողմերից երկարավուն թևերով ֆրանսիական պալատական շինության խառնուրդ։ Շենքը շքեղորեն զարդարված է հռոմեական կայսրերի և կայսրուհիների, աստվածների և աստվածուհիների կիսանդրիներով։
Յան Սոբեսկու մահից հետո պալատը բազմիցս փոխանցվել է մի ազնվականական ընտանիքի ձեռքից մյուսին։ Յուրաքանչյուր սեփականատեր պալատական համալիրի մեջ մտցրել է իր փոփոխությունը։ Այսպես օրինակ՝ Ստանիսլավ Պոտոցկին պալատում հիմնեց թանգարան, որը Լեհաստանում առաջին հանրային թանգարաններից է և գործում է մինչ օրս։ Այժմյան թանգարանը ունի երկու բաժին։ Նրանցից մեկը ներառում է լեհ արքաների դիմանկարներ, այդ թվում՝ Պոտոցկու դիմանկարը, որը պատկանում է Ժակ-Լուի Դավիդի վրձնին։ Թանգարանի երկրորդ հատվածը՝ թագավորական հարկաբաժինների և սենյակների ցուցադրությունն է։ Պոտոցկիները նաև վերակառուցել են Սուրբ Աննա եկեղեցին, ինչպեսև կառուցել են այստեղ ընտանեկան դամբարան։
Պալատը մի քանի անգամ թալանվել է (1733 թվականին՝ ռուսական զորքերի, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ՝ գերմանացիների կողմից) և վերակառուցվել։ Բոլոր վերակառուցումների հետևանքով, շենքի ճարտարապետական ոճը արևմտաեվրոպական տարրերի և լեհական ճարտարապետական ավանդույթների խառնուրդ է։ Սակայն, չնայած բոլոր փոփոխություններին, պալատական համալիրը համարվում է լեհական բարոկկոյի մարգարիտը։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.letitbefood.com