Վեյլի Հաուզ, Սան Դիեգո, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱյս տունը պետք է տեսնեն ուրվականների և պարանորմալ երևույթների բոլոր սիրահարները: Տունը կառուցել է Թոմաս Վեյլին: Նա Սան Դիեգո տեղափոխվեց ոսկե տենդի ամենաբուռն շրջանում և հիմնեց փոքրիկ խանութ, որտեղ վաճառվում էին ոսկի որոնողների համար սարքավորանքներ: 1857թ. նա սկսեց շինարարությունը: Սա Սան Դիեգոյում առաջին երկհարկանի տունն էր, կառուցված էր աղյուսից. աղյուսն էլ պատրաստված էր հենց Թոմաս Վեյլիին պատկանող աղյուսի գործարանում:
Դժբախտությունները նախանշված էին տան և նրա բնակիչների համար ամենասկզբից. բանն այն է, որ տան տեղում ժամանակին հանրային կախաղանն էր եղել: Ասում են, որ նոր տուն տեղափոխվելուց անմիջապես հետո ընտանիքի անդամները սկսել են զգալ օտար մեկի ներկայությունը: Դա «Յանկի Ջիմի»` Ջեյմս Ռոբինսոնի ուրվականն էր: 1852թ. նա կախաղան էր հանվել հենց նույն այդ տեղում գողության համար: Ականատեսների խոսքերով նա շատ երկար «չէր ուզում մահանալ» ու պայքարում էր մինչև վերջին վայրկյանը: Չնայած այս սարսափազդու փաստին Թոմաս Վեյլին այնուամենայնիվ կառուցեց տունը հենց այստեղ: Ընտանիքի դժբախտությունները սկսվեցին 1885 թ. օգոստոսի 18-ին, երբ տան տերերի դուստրը` Աննա Ամելիան ինքնասպան եղավ: Հինգ տարի անց մահացավ ընտանիքի հայրը: Դրանից հետո տունն անուշադրության մատնվեց. միայն 1909 թ. Թոմասի որդի Ֆրենսիսը որոշեց զբաղվել տան վերանորոգմամբ: 1914թ. փետրվարին մահացավ տիկին Աննա Վեյլին, նույն տարվա նոյեմբերին` Ֆրենսիսը: Իսկ վերջին Վեյլին` ընտանիքի կրտսեր դուստր Լիլիանը մահացավ 1953թ-ին:
Սակայն նույնիսկ մահից հետո ընտանիքի բոլոր անդամները շարունակեցին ապրել այս տանը` թեկուզև «անմարմին» տեսքով: Ավագ Վեյլին ամեն գիշեր շրջում է տնով` համոզվելու, որ ամեն ինչ լավ է: Նրա կնոջը` Աննային, հաճախ կարելի է տեսնել այգում զբոսնելիս: Ճաշասենյակում էլ բնակություն է հաստատել ոմն մի աղջնակի ուրվական: Տարօրինակ է հնչում, բայց այստեղ են ապրում նաև ընտանիքի սիրելի տնային կենդանիները` դալմատին և ֆոքստերյեր շները: Կարծես թե բոլոր բնակիչները շատ էին սիրում այս տունը: Ճիշտ էր ասում Թոմաս Վեյլին. «Երբ իմ տունը լիովին պատրաստ լինի, այն կլինի բնակության համար քաղաքի ամենագեղեցիկ ու ամենահարմար տունը»:
1960թ. մայիսի 25-ին տանը բացվեց թանգարան, իսկ ԱՄՆ առևտրի նախարարությունն այն պաշտոնապես ճանաչեց «ուրվականներով տուն»: Ամեն տարի Վեյլի Հաուզ է այցելում մոտ 100 000 այցելու:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.spookylittlegirllikeyou.blogspot.com