Ագբար Աշտարակ, Բարսելոնա, Իսպանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իսպանիա

Միայն Բարսելոնայում կարող էր կառուցվել այս «ուրախ» բիզնես կենտրոնը: Ահա ինչպիսինն է աշտարակը թվերով. մակերեսը կազմում է 50 700 մ2, ունի 38 հարկ (որից 4 ստորգետնյա ավտոկայան է), բարձրությունը 144 մ ու 4400 գունավոր պատուհաններ: Կառույցը նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելը իսպանական B720 Arquitectos ընկերության հետ համատեղ: Շենքը ստեղծելիս հեղինակը ցանկանում էր կոտրել երկնաքերերի մասին «նյույորքյան» կարծրատիպերը: Ագբար աշտարակը ոչ միայն շատ յուրահատուկ է ու գեղեցիկ, այլև՝ բավականին «խելացի». ճակատը բաղկացած է երկու առանձին շերտերից: Առաջին շերտը բետոնից է ու ծածկված է գույնզգույն մետաղյա թիթեղներով: Երկրորդ շերտն իրենից ներկայացնում է շերտավարագույրների մեխանիզմ: Դա բավականին հեշտացնում է օդափոխությունը շենքում. ձմռանն արտաքին շերտը պահում է տաք օդը պատերի ներսում, իսկ ամռանը գիշերվա ընթացքում հավաքված սառը օդը ներս է մղվում: Բիզնես կենտրոնի բացումը տեղի ունեցավ 2005թ. սեպտեմբերի 16-ին. բացման հանդիսավոր արարողությունն անցկացրեց Իսպանիայի թագավորը:

Իր բազմաթիվ հարցազրույցներում Ժան Նուվելը նշել է, որ ոգեշնչվել է այս շենքի կառուցմանը Մոնտսերրատ սարից, որը «շատրվանի պես դուրս է գալիս երկրի ընդերքից»: Արևոտ եղանակին շենքը նման է հսկայական բնական գեյզերի, որի կաթիլները շողշողում են ծիածանի բոլոր գույներով:

Իր ձևի շնորհիվ աշտարակը հայտնվել է «Կատալոգ» ամսագրի կազմակերպած աշխարհի ամենաֆալլոսանման շենքեր անվանակարգում: Սակայն առաջին կոչումը ստացել է մեկ այլ շինություն՝ Իպսիլանտիի ջրային աշտարակը: Ու դա զարմանալի չէ, քանի որ Ագբար աշտարակն ավելի նման է սիգարի, քան ֆալլոսի: Բայց անսահման է մարդկային երևակայությունը, մանավանդ, որ ինքը Նուվելը շատ անգամ նշել է, որ շենքն ունի “ֆալլոսի հատկանիշեր”:

Աշտարակը պատված է 4000 գունավոր լույսերով, որոնք ստեղծում են ավելի քան 16 մլն նրբերանգներ: Ի շնորհիվ այս ճոխության ամանորի գիշերն այստեղ հավաքվում են հազարավոր զբոսաշրջիկներ ու տեղացիներ, իսկ Բարսելոնան հայտնվում է ուղիղ եթերում աշխարհի տարբեր քաղաքների՝ Լոնդոնի, Փարիզի, Նյու Յորքի ու Սիդնեի հետ միասին:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ