Տեմպպելիաուկիո Եկեղեցի, Հելսինկի, Ֆինլանդիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՖինլանդիաԵթե դուք գտնում եք, որ ժայռափոր տաճարները բնորոշ են միայն անցյալին, ապա ձեզ անպայման անհրաժեշտ է այցելել ֆիննական Տեմպպելիաուկիո եկեղեցին (Temppeliaukion kirkko)։ Համաձայն սկզբնական նախագծի, եկեղեցին պետք է կառուցվեր նախորդ դարի 1930-40-ականների սկզբին, սակայն, երկրորդ համաշխարհային պատերազմը հետաձգեց դրա շինարարությունը մինչև 60-ականները։ Բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Հետաձգման պատճառով որոշում ընդունվեց փոփոխել շենքի սկզբնական նախագիծը և արդյունքում կառուցվեց 20-րդ դարի համար բավականին ինքնատիպ մի շինություն։ 1961 թվականին հայտարարվեց ճարտարապետական մրցույթ, որի հաղթողները դարձան Տիմո և Տուոմո Սուոմալայնեն եղբայրները։ Կառույցի շինարարությունը շատ կարճ տևեց, այն սկսվեց 1968-ին և ավարտվեց ընդամենը մեկ տարի անց։
Նախագիծը, որը կարծես թե ոչ մի բարդ մեխանիզմի կիրառում չէր ենթադրում, եկեղեցու համար այնքան անսովոր էր, որ այսօր դրա շնորհիվ Տեմպպելիաուկիո եկեղեցի է այցելում տարեկան կես միլիոն զբոսաշրջիկ։ Սուոմալայնեն եղբայրները առաջարկեցին պահպանել քաղաքային լանդշաֆտի նախնական տեսքը և եկեղեցին կառուցել ժայռի ներսում։ Պայթուցիկի օգնությամբ ժայռի ներսը արագորեն մաքրեցին, կառուցվեց կլոր գմբեթ, որպեսզի եկեղեցին պայծառ բնական լուսավորություն ունենա, և եկեղեցին պատրաստ էր։
Տեմպպելիաուկիո եկեղեցին, որի անվանումը ֆիններենից թարգմանաբար նշանակում է եկեղեցական հրապարակ, հայտնի է նաև որպես «Եկեղեցի ժայռի մեջ»։ Իր գմբեթի պատճառով տաճարը նման է թռչող ափսեի՝ թաքնված ժայռերի միջև։ Եկեղեցին չունի զանգեր, սակայն զանգերի ղողանջը լսվում է կառույցի պատերի մեջ ներկառուցված բարձրախոսներից։
Տաճարը պատկանում է Ֆիննական Լյութերական եկեղեցուն։ Ինչպեսև լյութերական եկեղեցիների մեծամասնությունը, այն ներսից զարդարված է համեստորեն, բայց այդ չի խանգարում, որպեսզի ներսում տիրի կախարդական գեղեցկություն։ Նախ՝ պայծառ լույսի շնորհիվ, որը ապակե առաստաղից թափանցում է կառույցի ներսը, Տեմպպելիաուկիոն թվում է ավելի լայն, քան այն իրականում է։ Կառույցի պատերը միայն թեթևակի են հղկված։ Այնտեղ, որտեղ ժայռերը անցքեր ունեին, խոշոր քարեր են ավելացվել։ Խորանի հետևում ամբողջական քարից հարթ պատ է, որը հղկվել է բնական ճանապարհով՝ առանց մարդու մասնակցության. սառցադաշտի հալվելու հետևանքով։
Տեմպպելիաուկիոն, ինչպեսև հայկական Գեղարդ տաճարը, ունի զարմանալի ակուստիկա՝ շնորհիվ շրջապատող ժայռերի։ Շինարարության ժամանակ ճարտարապետները անգամ թեթևակի փոփոխել են կառույցի նախագիծը, որպեսզի հզորացնեն տաճարի ակուստիկան։ Այդ ամենի շնորհիվ, այստեղ մշտապես տեղի են ունենում զանազան համերգներ, այդ թվում՝ նաև ռոք համերգներ։ Շենքում հաճախ հնչում է երգեհոնը, որը ոչ միայն ունի հսկայական երաժշտական նշանակություն, այլև գեղեցիկ ձևով զարդարում է տաճարը։ Այն օրերին, երբ Տեմպպելիաուկիոում հնչում է երգեհոնը, այստեղ թագավորում է խաղաղության և անդորրի զարմանալի մթնոլորտ։ Չնայած նրան, որ եկեղեցին ներսից և դրսից ոչ մի կերպ նման չէ քրիստոնեական եկեղեցու, ներս մտնելով հասկանում ես՝ սա աղոթելու և մտորելու համար ստեղծված վայր է։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am