Բուդդայի Ատամի Տաճար, Կանդի, Շրի Լանկա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Շրի Լանկա

Բուդդայի Սուրբ Ատամի Տաճարը «տուրիստական» անվանում է. այստեղ տաճարը հայտնի է Շրի Դալադա Մալիգավա անվամբ: Այն հանդիսանում է պալատային համալիրի` սինգալական արքաների նստավայրի մի մասը: Համալիրի կենտրոնը ութանկյուն շինությունն է` գանձարանը, որտեղ պահվում է ատամը: Ընդհանուր առմամբ տաճարի արտաքին տեսքը չի ապշեցնում գեղագիտական տեսակետից և որևէ արտառոց տարրեր չի պարունակում. hսկա սպիտակ շենք կարմիր տանիքով: Մուտքի մոտ գետնին լուսնաքար է պատկերված. սա սինգալական ճարտարապետությանը բնորոշ մասնիկ է, որի անունը գալիս է իր կիսալուսնաձև տեսքից: Քարի վրա պատկերված է փիղ (ծնունդ), ցուլ (փտում), առյուծ (հիվանդություն) և ձի (մահ); կարապները չարի և բարու միջև սահմանն են, իսկ մեջտեղում պատկերած ջրաշուշանը Նիրվանայի վերջնական մակարդակն է` Բուդդայի վիճակը:

Տաճար մտնելիս առաջին տպավորությունը կտրուկ փոխվում է. քանդակներն ու զարդանախշերը հիացնում են: Տաճարում կան մի քանի սրահներ «առանձին» ու «խմբակային» աղոթքների համար: Յուրաքանչյուր սրահում Բուդդայի արձանն է, որի դիմաց դրված է նվիրատվությունների մատուցարանը: Կա առանձին սրահ, ուր պատկերված են զարդաքանդակներ, որ պատմում է սրբազան ատամի ծագման և այստեղ հայտնվելու պատմությունը: Այս սրահում արգելվում է լուսանկարվել:

Ինքը, Սրբազան ատամը պահվում է տապանի մեջ, որը բաղկացած է իրար մեջ դրված յոթ ոսկյա անոթներից ու անընդհատ պաշտպանվում է երկու վանականների կողմից: Ատամը տեսնել իհարկե չի կարելի: Միակ բանը, որ մնում է հասարակ այցելուին, 45 րոպե հերթում սպասելուց հետո մոտենալ պատուհանին, տեսնել երկու վանականներին, խոնարհվել և, թողնելով նվիրատվությունը, գնալ` խորը համոզմունքով, որ հենց նոր քո հարգանքն ես ցույց տվել Բուդդայի Սուրբ ատամին:

Իսկ ահա, թե որտեղից է գալիս ատամը. մ.թ.ա. 540 թ. Բուդդայի մարմինը համաձայն բոլոր ավանդույթների այրեցին, իսկ խարույկից այնուհետև հայտնաբերվեց 4 ատամ, որոնք տեղափոխվեցին տարբեր երկրներ որպես մասունք: Համաձայն լեգենդի նա, ում մոտ ատամն էր, իր ձեռքում էր պահում ողջ ուժն ու հզորությունը, իսկ եթե ատամն անհայտանար, բուդդիզմը կոչնչանար: Բնական է, որ բոլորն ուզում էին տիրանալ ատամին. այդ պատճառով ատամները պարբերաբար տեղափոխվում էին երկրից երկիր: 371 թ. Հնդկաստանի արքայադուստր Հեմամալին ատամն իր մազերի մեջ թաքցրած բերեց կղզի: Այդ ժամանակ էլ կառուցվեց Շրի Դալադա Մալիգավա տաճարը:

1998թ. տաճարին բախվեց պայթուցիկ նյութերով լի բեռնատարը: Հարձակման «հեղինակը» «Թամիլ-Իլամի ազատագրման վագրեր»1 ահաբեկչական կազմակերպությունն էր : Ահաբեկչության հետևանքով մահացավ 7 ու վիրավորվեց 25 մարդ: Տեղի ունեցածից հետո տաճարն անընդհատ պաշտպանվում է զինվորների կողմից, որոնք ոտքից գլուխ ուսումնասիրում են բոլոր այցելուներին:

Համաձայն ավանդույթի ատամը դուրս է հանվում տաճարից տարին մեկ անգամ` Էսալա Փերահերաի տոնին, որը տևում է 14 օր: Սակայն այդ ժամանակ էլ այն ծածկված է մարդկանցից. այն դուրս է բերվում ոսկե տուփի մեջ ու դրվում է թանկարժեք քարերով զարդարած փղի մեջքին: Ընդհանրապես շատ քչերն են տեսել ատամը: Եվրոպացիներից հայտնի է գերմանացի բնագետ Էրնստ Հեկելի անունը: 1881թ. Շրի Լանկա այցելության ընթացքում նա տեսավ ատամն ու հայտարարեց, որ «փղոսկրի 5.5սմ երկարությամբ և 2.5 սմ լայնությամբ այդ կտորը չի կարող լինել իսկական ու պատկանել մարդու»: Դրանից հետո ատամը փակ է բոլոր «օտարների» համար:

Այս ողջ կրոնական կոնտեքստում միակ բանը, որ աչք է ծակում, դա վանականների ոչ այնքան կրոնական պահվածքն է. ջրաշուշանի դիրքով նստած նրանք մի աչքով հետևում են, որ բոլոր այցելուներն իրենց լուման ներդնեն նվիրատվությունների մատուցարանում: Իսկ երբեմն նույնիսկ կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք միմյանց լուսանկարում իրենց սմարթ-հեռախոսներով: Ահա այսպիսի հավատքի ժամանակակից մեկնաբանություն: Սակայն այս ամենն այդքան էլ կարևոր չէ. տաճարում իրոք շատ դիտելու ու հիանալու բաներ կարելի է տեսնել:



1Թամիլական ապստամբական շարժում, հիմնվել է 1976թ.: Պայքարում է Շրի Լանկայի տարածքում Թամիլական անկախ հանրապետության ստեղծման համար: Ներառում է 8-10 հազար անդամ: Հայտնի է բազմաթիվ ահաբեկչական հարձակումներով խաղաղ բնակչության հանդեպ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ Նարեկ Բախտամյանի


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ