Երկնքի Տաճար, Պեկին, Չինաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՉինաստանԵրկնքի տաճարը (չին. 天壇; անգլ. The Temple of Heaven) համարվում է Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը: Այն գտնվում է Պեկինի կենտրոնական մասի հարավում` կայսերական պալատից հարավ-արևելեք: Երկնքի տաճարը կառուցվել է Մին դինաստիայի կառավարության օրոք` 1420 թվականին, երբ Յուն Լե կայսրը Չինաստանի մայրաքաղաքը Նանկինից տեղափոխեց Պեկին: Ի սկզբանե այն կառուցվել է որպես «Երկնքի և Երկրի» տաճար և այստեղ են անցկացվել Երկրին և Երկնքին նվիրված արարողությունները: Սակայն 1530 թվականին Պեկինի հյուսիսում կառուցվել է առանձին Երկրին նվիրված տաճար և այդ ժամանակից ի վեր Երկնքի տաճարը դարձել է հատուկ վայր, որտեղ կայսրերը երկրպագում էին միայն Երկնքին և աղոթում աստվածներին լավ բերք ստանալու համար:
Համալիրը բաղկացած է մի քանի հոգևոր նշանակության կառույցներից, որոնցից գլխավորները գտնվում են հյուսիսից հարավ ձգվող հիմնական առանցքի վրա: Այդ առանցքով է անցնում 360մ երկարություն, 2,5մ բարձրություն և 28մ լայնություն ունեցող տեռաս, որը միացնում է Երկնքի տաճարի հիմնական շինությունները` Ցինյանդյանը՝ «Բերքի աղոթարանը» (Qiniandian-the Hall of Prayer for Good Harvests), Խուանցյունյուն՝ «Երկնքի աղոթարանը» (Huangqiongyu -the Imperial Vault of Heaven) և Խուանցյուտանը՝ «Կլոր զոհասեղանը» (Yuanqiutan-the Circular Mound Altar): Տաճարների կլոր ձևերը, կլոր տեռասները և նրանց կապույտ տանիքները խորհրդանշում են երկինքը, իսկ քառակուսի լուծումները և ամբողջ տարածքն ընդգրկող քառակուսի պարիսպը` երկիրը:
Երկնքի տաճարի ամենահարավային կառույցն է Կլոր զոհասեղանը ` Խուանցյուտանը: Այն կառուցվել է 1530 թվականին, այնուհետև վերակառուցվել`1749-ին: Այստեղ, վերին տեռասի կենտրոնում գտնվում է մի կլոր քարե սալիկ, որի վրա եթե կանգնես և ցածր ձայնով աղոթես, ապա ձայնն անգամներ կուժեղանա:
Երկնքի տաճարի հյուսիսային մասում է գտնվում Ցինյանդյանի հոյակապ դահլիճը: Այն կառուցվել է 1420 թվականին, սակայն 1889-ին այրվել է կայծակի հարվածից և հետագայում վերականգնվել իր սկզբնական տեսքով: Այն սիմետրիկ ճարտարապետության օրինակ է և խորհրդանշում է չինական ճարտարապետության ու շինարարության նվաճումները: Այս տաճարի կառուցման մեջ ոչ մի մեխ չի օգտագործվել, սակայն այն ունի 37,5 մ. բարձրություն: Ցինյանդյանն իրենից ներկայացնում է կլոր հատակագծով եռահարթակ, կղմինդրապատ տանիքով կառույց: Հսկայական սյուներն , որոնք պահում են շենքը մեծ խորհուրդ ունեն` 4 ներքին սյուները խորհրդանշում են տարվա 4 եղանակները, միջանկյալ 12 սյուները`12 ամիսները, արտաքին 12 սյուները` օրվա 12 զույգ ժամերը և ընդհանուր այս 28 սյուները խորհրդանշում են 28 երկնային համաստեղությունները:
Երկնքի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Հոդվածը Ռուզաննա Մկրտչյանի, www.biulding.am