Սուրբ Հովհաննես Մկրտիչ Տաճար, Դիադին, Թուրքիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Թուրքիա

Բագավանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարը, VII դարի հայ ճարտարապետության ամենանշանակալի հոգևոր կենտրոններից մեկը, գտնվում է Մեծ Հայքի պատմական Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում, Նպատ (Թոնդրակ) սուրբ լեռան ստորոտին,նախկին Ուչ-Քիլիսե գյուղի տեղում (այժմ Թաշթեքեր գյուղ (Taşteker Köyü), Դիադինից արևմուտք, Թուրքիա):

Նախաքրիստոնեական շրջանում Բագավանը (“բագ” -աստված և “ավան”- տեղի) ամենախոշոր հեթանոսական կենտրոններից մեկն էր: Այստեղ թաղում էին քրմապետներին: Բագավանում է թաղված նաև Մաժան քրմապետը, Արտաշես Ա-ի որդին, որը սպանվել իր եղբայրների` Արտավազդի և Տիրանի ձեռքով:

Նավասարդյան տոների ժամանակ Բագավանում անց էին կացվում հանդիսավոր արարողություններ թագավորի մասնակցությամբ, և գումարվում էր վերնախավի խորհրդակցական մարմինը: Տաճարի մոտակայքում է գտնվում Արածանի գետը (Մուրադ կամ Արևելյան Եփրատ), որտեղ Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ Գ թագավորին և նրա մերձավոր անձանց, որից հետո քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն (301թ.):

Ինչպես վկայում է պահպանված արձանագրությունը, Սուրբ Հովհաննես տաճարը կառուցվել է 631-639 թթ.` Եզր կաթողիկոսի օրոք: Տաճարի ճարտարապետն է Իսրայել Գոռաղճեցին: Բագավանը Բագրևանդ և Արշարունիք գավառների եպիսկոպոսանիստ կենտրոնն էր: Բագավանի ամենանշանավոր եպիսկոպոսներից էին պատմահայր Մովսես Խորենացին և Եզնիկ Կողբացին:

Իր չափերով Բագավանը գերազանցում է VII դարի նմանատիպ կառույցները: Պատկանում է գմբեթավոր բազիլիկների շարքին: Ակադեմիկոս Օրբելին վկայում է, որ եկեղեցու լայնությունը կազմում է ավելի քան 46 մ., լայնությունը` 27 մ. և բարձրությունը` 20 մ. (առանց գմբեթի): Դահլիճը բաժանվում է երեք նավի գմբեթը կրող երկու զույգ մույթերով: Խորանի աբսիդը արտաքինից դուրս է գալիս ընդհանուր ծավալից: Ավանդատները, որոնք տաճարի անկյունային մասերից ցածր են, ծածկված են խաչվող թաղերով: Տաճարի արտաքին մասը զուրկ է ամբողջականությունից, որը բնորոշ է նմանատիպ այլ կառույցների: Ծավալները հատկապես բաժանված են հարավային, հյուսիսային և արևելյան ճակատներում: Արտաքին երկայնական ճակատների ուղղաձիգ խորշերը ավելի են ընդգծում այդ բաժանումը: Այդ խորշերում գտնվում են քարե աստիճաններ, որոնք տանում են դեմի վերնահարկի փոքրիկ սենյակները:

Սուրբ Հովհաննեսի հսկայական գմբեթը ամբողջ հորինվածքի գերակշռող մասն է: Այդպիսի գմբեթը պահելու համար անհրաժեշտ էին բոլորովին այլ հենարաններ: Նրանք սեպվում էին կողմնական նավերի մեջ, զգալիորեն կրճատելով նրանց լայնությունը: Որպես հետևանք ութանիստ թմբուկը դուրս է գալիս արևմտյան և արևելյան թևերի հարավային և հյուսիսային ճակատները, ինչը բերում է խաչաձև գմբեթավոր եկեղեցիներին բնորոշ վերևի մասի արտաքին տեսքի փոփոխմանը:

Տաճարի արտաքին մասը բավականին զուսպ է և հիմնականում զուրկ զարդաքանդակներից: Ներքին տարածությունը լավ լուսավորված էր և զուգորդվում էր Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի հետ: Համաձայն պատմաբան Հովհաննես Դրասխանակերտցու, տաճարը հարուստ ներքին հարդարանք ուներ:

Վանքն ուներ ձեռագրերի եզակի հավաքածու, որը XIX դ. պահվում էր տաճարի գաղտնի վերթաղային սենյակներում: 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հավաքածուն ոչնչացվել է:

Բագավանի տաճարի ևս մի առանձնահատկություններից է մեծ քանակությամբ (45) լայն լուսամուտների առկայությունը: Համանման լուսամուտների կառուցվածքն ու դասավորությունը օգտագործվում էր Հուստինիանոսյան ժամանակաշրջանի Կոնստանդնուպոլսի տաճարներում: Հետագայում այն կատարելագործվել է VII դ. 2-րդ կեսի հայկական վեհ տաճարներում (Թալին, Արուճ):

XVIII դ. Բագավանի տաճարի հյուսիս-արևմտյան մասը նորից է կառուցվել: Այդ ժամանակ էլ կառուցվել է նոր գմբեթը: XX դարի կեսին տաճարը ամբողջովին քանդվել է թուրքերի կողմից:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ