Շողակաթ Եկեղեցի, Վաղարշապատ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Շողակաթ եկեղեցին, որը գտնվում է Հռիփսիմե եկեղեցուց դեպի արևմուտք, կառուցվել է 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Նահապատ Կաթողիկոսի օրոք ՝ IV դարի այն մատուռի տեղում, որտեղ սպանվել էր Հռիփսիմեի հետ փախուստի դիմած կույսերից մեկը: Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի՝ VI-VII դարերի կառույցներին: Այժմյան եկեղեցին կառուցվել է դարչնագույն սրբատաշ տուֆից և աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ, որը հայտնի է որպես «գմբեթավոր դահլիճ»։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։ Տաճարի ճարտարապետական զուսպ տարրերը և հարդարանքը բնորոշ են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Վաղարշապատի Շողակաթ եկեղեցին 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի հեթանոս Դիոկղետիանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեի և մի քանի տասնյակ ընկերուհիների հետ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոսը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել նրանց: Ըստ ավանդույթի, Շողակաթ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ մեկուսացվել և սպանվել է անհայտ անվամբ կույսերից մեկը և ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»:


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ