Սեդլեցի Դամբարանը, Կուտնա Հորա, Չեխիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չեխիա

Այս զարդարված մարդկային ոսկորներով հռոմեա-կաթոլիկ մատուռը գտնվում է Կուտնա Հորա քաղաքի մոտակայքում` Պրահայից 60 կմ հեռավորության վրա: Նրա պատմությունն արմատներով գնում է դեպի հեռավոր 13 դար: Այդ ժամանակ Սեդլեցից մի աբբա ուղարկվել էր Երուսաղեմ, որտեղից նա իր հետ բերել էր սուրբ հող ու շաղ էր տվել այն աբբայության գերեզմանոցի տարածքում: Դրանից հետո գերեզմանոցը հուղարկավորությունների շատ տարածված տեղ դարձավ Կենտրոնական Եվրոպայի աստվածավախ բնակիչների համար: Պատերազմների ու տարածված հիվանդությունների պատճառով գերեզմանոցը կարճ ժամանակում բավականին մեծացավ: Մոտ 1400թ. կառուցվեց հանգստարանը: Այստեղ տեղավորվում էին հին գերեզմաններից հանված ոսկորներ` ազատելով տեղ նորերի համար: 1784թ. Հովսեփ II կայսեր հրամանով գերեզմանոցն ու հանգստարանը փակվեցին, իսկ տարածքը վաճառվեց Շվարցենբերգների ընտանիքին: Նրանց իսկ պատվերով 1870թ. հյուսն Ֆրանտիշեկ Ռինտը սկսեց զբաղվել հանգստարանի “վերանորոգմամբ” ու բերեց այն տեսքին, որը մենք տեսնում ենք այսօր: Ըստ գնահատականների, այս վերանորագման համար Ռինտը օգտագործել է մոտ 40000-70000 մարկային կմախքներ: Այժմ մատուռը բաց է այցելուների համար շաբաթը 7 օր:

Մատուռը վերակառուցվել է 1703-1710թթ. ելնելով անվտանգության պահանջներից, ինչպես նաև կատարվել են ինտերյերի փոփոխություններ: Ավելացվել է ևս մի մուտք, որը պետք է պահեր առաջ թեքված պատը, իսկ վերևի հարկաշարքը վերակառուցվել է բարոկկո ոճի մեջ: Հնարավոր չէ միանշանակ դատել հարցի բարոյական կողմի մասին, սակայն մատուռը բավականին հետաքրքիր տեսք ունի: Ռինտն օգտագործել կրափոշու լուծույթ, որի շնորհիվ ոսկորները ստացել են յուրահատուկ սպիտակ գույն: Գմբեթից կախված է մի մեծ ջահ. ասում են նրա վրա կա մարդկային ամեն ոսկորից գոնե մեկ օրինակ: Սակայն ջահը այստեղ միակ հետաքրքրաշարժ առարկան չէ: Վարպետը գանգերից բուրգեր է կառուցել զանգերի տեսքով: Յուրաքանչյուր բուրգի գագաթին հրեշտակի քանդակ կա: Նաև պետք է նշել Շվարցենբերգների ընտանեկան զինանշանը և Ֆրանտիշեկ Ռինտի ինքնագիրը: Վերջինս ամենայն հավանականությամբ ցանկացել է անմահացնել իր անունը` չշեղվելով շենքի հիմնական ոճից:

Առաջին հայացքից այս ամենը շատ տարօրինակ կարող է թվալ, սակայն աշխարհում սա միակ նման շինությունը չէ: Այս ցուցակին կարելի է ավելացնել Սանտա-Մարիա-դելլա-Կոնչեցիոնե եկեղեցին (Հռոմ, Իտալիա), Չելե-կուլան` գանգերի աշտարակը (Նիշ, Սերբիա), Սբ. Ֆրանցիսկի եկեղեցուն կից Ոսկորների մատուռը (Էվորա, Պորտուգալիա):

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ Ալեքսանդր Շարովի: https://vobche.livejournal.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ