Սուրբ Բարբարա Եկեղեցի, Բեռնբախ, Ավստրիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԱվստրիաԿարծում եմ, ավստրիացի ժամանակակից արվեստագետ և հայտնի ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասսերի (իսկական անունը՝ Ֆրիդրիխ Շտովասսեր) խենթ ձեռագիրը ամբողջ աշխարհին է հայտնի: Նա, ով կյանքն ընկալում է միայն ծիածանափայլ գույների խառնաշփոթ աշխարհի մեջ, ով ցանկացած հոգնեցուցիչ կառույց ի վիճակի է վերափոխելու մի անկրկնելի արվեստի գլուխգործոցի՝ առաջնորդվելով բացառապես "բնական", "էկոլոգիական", "բիոմորֆիկ" գաղափարներով: Այնուամենայնիվ, խոստովանենք, որ եկեղեցու արտաքին դիզայնի նման մոտեցումը շատերի կողմից ընդունելի չի եղել:
Սուրբ Բարբարա (հանքափորների հովանավոր)եկեղեցին կառուցվել է 1948-1953թթ. Ավստրիայի Բեռնբախ քաղաքում: Սակայն, 1987թ. քահանա Ֆրիդրիխ Ցեկի նախաձեռնությամբ և քաղաքապետ Կոնրադ Բերգմանի ակտիվ աջակցությամբ եկեղեցին վերակառուցվել է համաձայն նկարիչ և ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասսերի նախագծի, որը ճարտարապետ Մանֆրեդ Ֆուկսբիհլերի հետ համատեղ ստեղծեց արվեստի այս եզակի և ուրախ գլուխգործոցը: Հարուստ՝ գունավոր կերամիկան, զանգակատան ուռուցիկ ցայտուն կողերը, ոսկեջրած գմբեթը, ոսկյա գնդերը, գունավոր տանիքը, եզերված բնական կանաչ խոտածածկույթով, հատակը՝ անհամաչափորեն պատված կերամիկական սալիկներով՝ այս ամենը վկայում են վարպետի փիլիսոփայական հայացքների մասին, այն է՝ «բնության մեջ չկան ուղիղ գծեր, չկա բացարձակապես ուղիղ ճանապարհ կամ արահետ անտառում»: Նա նաև նախագծել է տասներկու աշտարակները, որոնք ներկայացնում են աշխարհի բոլոր կրոնները և խոստովանության ու հանդուրժողականության համապատասխան խորհրդանիշն են հանդիսանում:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.arx.novosibdom.ru