Թագավորական Դղյակ, Վարշավա, Լեհաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լեհաստան

Վարշավայի թագավորական դղյակը (Zamek Królewski w Warszawie) գտնվում է Լեհաստանի մայրաքաղաքի Պալատական հրապարակում՝ ճարտարապետական մոդեռնիզմի և Վարշավայի Հին քաղաքի սահմանագծի վրա: Այս պալատը լեհական թագավորների համար ծառայել է որպես նստավայր։ 1791 թվականին այս շենքում է ստորագրվել Ռեչ Պոսպոլիտայի սահմանադրությունը և հենց այստեղ, 1829-ին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինը թագադրվել որպես Լեհաստանի թագավոր։

Դղյակը կառուցել է Լեհաստանի թագավոր և Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ III-ը 1598-1618 թթ.։ Թագավորական պալատը երկրի անկախության խորհրդանիշն է։ Հենց այս պատճառով էլ 1939թ. սեպտեմբերին նացիստական զորքերը կառույցը ռմբակոծելու որոշում կայացրին, ինչի արդյունքում այն զգալիորեն վնասվել էր։ Բարեբախտաբար պալատի աշխատակիցները, պրոֆեսոր Ստանիսլավ Լորենցի ղեկավարությամբ, վտանգելով սեփական կյանքը գերմանական գնդակոծության տակ, փրկեցին ապարանքի ինտերիերի տարրերի մի մասը` նկարներ, արձաններ, դեկորացիաներ, նույնիսկ դռներ՝ այն ամենը, ինչ հնարավոր էր տեղափոխել։ 1944 թվականին, Վարշավյան ապստամբությունից հետո, նացիստները ամբողջովին ականապատեցին եւ ոչնչացրին շինությունը, իսկ հետագա տասնամյակների ընթացքում լեհական մտավորականությունը և սովորական քաղաքացիները խորհրդային ղեկավարությունից պարբերաբար պահանջում էին վերակառուցել և վերականգնել Թագավորական Դղյակը։

Դղյակի վերականգնումը սկսվեց 1971 թվականին և շարունակվեց մինչև 1988 թվականը պրոֆեսոր Յան Բոգուսլավսկու ղեկավարությամբ։ Աշխատանքները ֆինանսավորվում էին երկրի հասարակ քաղաքացիների շռայլ նվիրատվությունների շնորհիվ։

Նախապես դյղակն ուներ հնգանկյուն շինության տեսք՝ ներքին բակով: Այն վեր էր խոյանում քաղաքի համայնապատկերի վրա 60 մետր բարձրության աշտարակի շնորհիվ։ Ներկայումս կառույցը համարյա այնպիսի տեսք ունի, ինչպիսին այն ուներ 17-րդ դարում։ Կառույցը արտաքին կողմից կառուցված է դարչնա-նարնջագույն աղյուսից և առանձնապես դիտարժան տեսք չունի։ Շենքի ճակատային մասը նայում է հրապարակին։ Ճակատային հատվածի կենտրոնում վեր է խոյանում Սիգիզմունդյան աշտարակը։ Շինությունն ունի ընդարձակ դահլիճներ, որոնցում այժմ հիմնականում ցուցադրվում են գեղանկարների, դրամների և արևելյան գորգերի ցուցանմուշներ։ Դրանց շարքում յուրօրինակ գեղեցկությամբ աչքի է ընկնում Հանդիսությունների դահլիճը իր նկարազարդ առաստաղով, ինչպես նաև համեստ, բայց դասական` Գահանիստ դահլիճը։

Պալատի ինտերիերի որոշ տարրերի փրկության և շինության վերակառուցման պատմությունը առիթ է տալիս այս կառույցը անվանել ոչ միայն լեհ ժողովրդի անկախության, այլև առատաձեռնության և խիզախության խորհրդանիշ։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ