Տուն Երկաթուղային Վագոնների Մեջ, Գերմանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԳերմանիաՏուն Երկաթուղային Վագոնների Մեջ, Մարլ-Զինզեն, Գերմանիա
Խոստովանեմ, որ ինձ համար ամենևին էլ զարմանալի չէ ամուսիններ Վանեսսա Սթալբաումի և Մարկո Սթեպնիակի մտահղացումը. եթե կոյուղու խողովակները կարելի է բնակելի դարձնել, իսկ ինչու՞ ո՛չ երկաթուղային վագոնները:
Պարզապես հետաքրքրականն է այն, թե ինչու են նրանք ընտրել այս տարբերակը: Իսկ այս հարցի պատասխանն իր արմատներն է գցում դեպի նրանց սիրո մի առանձնահատուկ պատմություն, որտեղ և ամրագրված են նրանց երիտասարդական անմոռաց հիշողությունները:
Վանեսսան և Մարկը, համապատասխանաբար 29 և 35 տարեկան, ապրում են այս տանը դեռևս 2011թ.-ից: Նրանք ոչ թե գնացքների մեծ երկրպագու են, այլ պարզապես ճակատագրի բերումով շատ են առնչվել այդ փոխադրամիջոցի հետ, որտեղ և առաջին անգամ հանդիպել են: Դա մի երիտասարդ ակումբ էր՝ երկու հին երկաթուղային վագոնների մեջ տեղակայված, Մարկոյի հայրենի քաղաք Հերթենից ոչ շատ հեռու: Նրանք գործընկերներ էին, մասնակցում էին միևնույն համաժողովում չորս տարի առաջ: Սիրահարվում են և արդեն իսկ պլանավորում իրենց ապագան, ենթագիտակցաբար կազմում այդ անսովոր ու գեղեցիկ տան հատակագիծը՝ նպատակին հասնելու համար չխնայելով իրենց բոլոր ջանքերը: Հատկանշական է այն, որ ամուսիններն իրենց մեղրամսյա չորսօրյա ճամփորդությանը կրկին գնացքով են ուղևորվել:
Իսկ նոր երկաթուղային վագոններ ձեռք բերելու համար նրանց անհրաժեշտ էր մոտ $ 725.000, և համատեղ երազանքների տունը կարելի կլիներ կառուցել: Բայց, բարեբախտաբար, Շվեյցարիայում նրանց հաջողվում է գտնել երկու օգտագործված՝ 1974 թ.-ի արտադրության երկաթուղային վագոններ ընդամենը $ 29,000 արժողությամբ: Նրանք զարմանալիորեն լավ վիճակում էին: Բայց լոկ տեղափոխումը Շվեյցարիայից Գերմանիա, ըստ էության, արժենում է ավելի, քան բուն վագոնների գինը՝ $ 37.600: Բայց Վանեսսան և Մարկոն պատրաստ էին տրամադրել ցանկացած գումար իրենց թանկարժեք երազանքի համար: Նրանք ստիպված 16 տարով վարկ են վերցնում: Եվ, ինչպես ասացվածքն է ասում, փողը ցանկացած փակ դուռ բաց է անում: Երկաթուղային վագոնները առաքվում և բարեհաջող ժամանում են շինհրապարակ, Ռուրի շրջան (Մարլ-Զինզեն ե/թ կայարանի մոտ) հետո նրանք մի քանի ճարտարապետ են վարձում, որպեսզի կազմեն տան գծագրերը՝ համաձայն իրենց նախագծի: Մարկոյի հայրը, լինելով ինժեներ, մասնակցում է վերակառուցման և մարդատար վագոնները բնակելի կենսատարածքի վերափոխման ողջ աշխատանքներին:
Յուրահատուկ ֆանտաստիկ տունը վերևից հիշեցնում է «H» տառը՝ երկու զուգահեռ վագոնները միակցված են երկարաձիգ «նորմալ» մի շինությամբ: Մեկը փոխակերպվում է հարմարավետ խոհանոցի, երկրորդը՝ լոգարանի, իսկ նրանց միջև ընկած է մի ընդարձակ հյուրասրահ: Ակամայից քեզ թվում է, թե այդ երկու վագոնները վթարի են ենթարկվել իրենց միջև կառուցված այդ փոքրիկ շենքին: Փաստորեն, նրանք կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները՝ իրենց խենթ գաղափարն ավարտի հասցնելով, որը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ հաճույքի մեծագույն աղբյուրը զանազանությունն է:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.treehugger.com