Պտղնավանք, Պտղնի, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՊտղնավանքը, վաղ միջնադարյան հայ ճարտարապետության ամենանշանակալից հուշարձաններից մեկը, գտնվում է Կոտայքի մարզի Պտղնի գյուղում: Այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին VIդ. վերջին – VII դ. սկզբին:
Չնայած 1940թ. անցկացրած վերականգնողական աշխատանքների, ներկայումս վանքը գտնվում է կիսավեր վիճակում. պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի հատվածը և արևելյան գմբեթակիր կամարը:
Պտղնավանքը գմբեթավոր դահլիճի հորինվածք ունեցող ամենաառաջին կառույցներից մեկն է: Շենքի լայնությունը կազմում է 15,7 մ. է, իսկ երկարությունը` 30,4 մ.: Խորանի ապսիդի երկու կողմում էին գտնվում քառակուսի ավանդատները: Բարձր կամարներով միացված չորս հզոր որմնասյունները շրջագծում էին կենտրոնական քառակուսին: Եկեղեցու գմբեթը հենված էր քառանկյունի զանգվածային սյուների վրա:
Վանքի ներքին հարդարանքը շատ հարուստ էր. պատերը զարդարված էին բուսական (նուռ, արմավենի, խաղողի ողկույզներ) և երկրաչափական (քարակուսիներ և վեցանկյուներ) նախշերով: Հարավային պատի վրա պահպանվել է առաքյալների և հրեշտակներով շրջապատված Աստվածածնի պատկերաքանդակները: Հարավային պատի ձախ մասում պահպանվել է նաև առյուծին նետահարող ձիավորի` Մանուել Ամատունու, և առյուծի հետ նիզակով մենամարտող Մանուելի որդու`Սահակ Ամատունու, պատկերաքանդակները: Հյուսիսային ճակատի լուսամուտների կամարակալները զարդարված են տարբեր թռչունների (բադ, սագ, փասիան, արծիվ) պատկերներով: Ուշագրավ է նաև արմավենու տակ նստած առյուծին պատկերող զարդաքանդակը: