Նախագահական Պալատ, Վարշավա, Լեհաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼեհաստանԼեհաստանի նախագահի պալատը Վարշավայում (Pałac Prezydencki) քաղաքի ամենադիտարժան՝ Կրակովյան արվարձաններ (Krakowskie Przedmieście) պողոտայի ամենագեղեցիկ շենքերից է։ Այս շինությունը յուրօրինակ է ոչ միայն իր դասական գեղեցկությամբ, այլև պատմությամբ։ Այստեղ է 1818 թվականին իր առաջին հրապարակային համերգով հանդես եկել ութամյա Շոպենը և այստեղ է 1997թ. ստորագրվել Լեհաստանի Հանրապետության սահմանադրությունը։
17-րդ դարում կառուցված պալատը բազմիցս վերափոխվել է։ Իր ողջ պատմության ընթացքում այն եղել է Լեհական թագի նախարարի և փոխարքայի նստավայր, հարմարեցվել է որպես թատրոն, իսկ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստական վերնախավի համար ծառայում էր որպես հյուրանոց և խաղատուն։ Պատերազմի ավարտից հետո շենքում տեղավորվել էր Նախարարների պալատը, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դղյակը վերակառուցվեց որպես նախագահական նստավայր։ Հենց այդ ժամանակ դղյակը անվանվեց Նախագահական պալատ, իսկ մինչ այդ այն անվանում էին Կոնեցպոլսկիների, Ռաձիվիլների պալատ, Փոխարքայի պալատ և այլն։ Այսօր այն ամենամեծ պալատն է Վարշավայում։ Սկսած 1993 թվականից պալատում բնակվում էին Լեհաստանի նախագահները, սակայն 2010թ-ից, Լեխ Կաչինսկու ողբերգական մահվանից հետո, պալատը օգտագործվում է միայն պաշտոնական նպատակներով։
Սկզբնապես պալատը երկհարկանի շինություն էր կողային աշտարակներով և մեծ պարտեզով, որ հասնում էր մինչև Վիսլա գետի ափերը։ Բազմաթիվ փոփոխությունների և վերակառուցումների հետևանքով ներկայումս շենքը գրեթե ոչնչով չի նմանվում սկզբնական շինությանը։ 1643-1646թթ. կառուցված շինության ճարտարապետը Կոնստանտինո Տենկալլան էր, իսկ այժմյան ձևը շենքը ստացել է 1818-1819թթ.` Քրիստիան Պյոտր Այգների նախագծին համապատասխան։ Համաձայն այդ նախագծի` շենքի կողային թևերը երկարացվել են, իսկ ճակատային մասին ավելացվել են սյուներ և արձաններ։
Այժմ այն եռահարկ նեոդասական ոճի պալատ է, պաշտոնական ընդունելությունների համար լայնարձակ և ճոխ զարդարված դահլիճներով, պարահանդեսային դահլիճով, մատուռով, ձմեռային այգիով և նախագահի հարկաբաժիններով։ Անչափ տպավորիչ է Ռոկոկո դահլիճը, որտեղ մեկ բաժակ թեյի շուրջ հավաքվում են առաջին տիկինները, մինչ նրանց ամուսինները պաշտոնական հանդիպումների են մասնակցում։
Շինության մուտքի առջև փոքրաթիվ պահակախմբի առկայությունը և քաղաքի ամենաբազմամարդ ու հայտնի փողոցում շենքի գտնվելը ստեղծում է մերձավորության մթնոլորտ Լեհաստանի կառավարության և ժողովրդի միջև։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am