Նյուրնբերգյան Ամրոց, Բավարիա, Գերմանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԳերմանիաԳերմանական նացիզմի պատմությունը կապված է մի քանի կարևոր ճարտարապետական հուշարձանների հետ։ Դրանցից մեկը մեծ նշանակություն է ունեցել Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու գործընթացում։ Սկսած 1923 թվականից մինչև 1939-ը Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության 11 համագումարներից 9-ը տեղի են ունեցել Նյուրնբերգյան կամ Կայսերական ամրոցում (Nürnberger Burg)։ Այս ամրոցը դարձել էր վայր, որտեղ արագ տեմպերով աճում էր Հիտլերի հանրաճանաչությունը իր համախոհների շրջապատում, ինչն էլ հանգեցրեց համաշխարհային մակարդակով անդառնալի փոփոխությունների։ Տեղանքը նացիստները ընտրել էին ոչ թե պատահաբար, այլ Սրբազան հռոմեական կայսրության ժամանակաշրջանում նրա ունեցած կարևոր դերակատարության պատճառով. ամրոցը հաճախ անվանում են «առաջինը հավասարների մեջ», քանզի այն կատարում էր մայրաքաղաքի որոշ գործառույթներ պաշտոնապես մայրաքաղաք չունեցող կայսրության համար, օրինակ՝ այստեղ էին անցկացվում կայսրի ընտրությունները։
Նյուրնբերգյան ամրոցը ավելի քան հազար տարի կանգնած է ժայռի գագաթին։ Առաջին անգամ ամրոցը հիշատակվում է 1050-ին, բայց պեղումները ապացուցել են, որ ամրոցի տեղում բնակատեղիներ գոյություն են ունեցել դեռևս մինչև մ.թ.ա 10-րդ դարը։ Նյուրնբերգյան ամրոցի մինչ մեր օրերը պահպանված կառույցները սկսել են կառուցել 11-րդ դարից սկսած։
Հինգ հարյուրամյակների ընթացքում, սկսած 12-րդ դարից մինչև Սրբազան Հռոմեական կայսրության կործանումը՝ 1806 թվականը, այս ամրոցը եղել է կայսերական ամենակարևոր կառույցներից մեկը։ Համարյա ամեն միապետ այստեղ անց է կացրել իր ժամանակի մի մասը։ Ամրոցը բազմիցս վերակառուցվել և վերանորոգվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դղյակը վնասվել էր, բայց հետագայում այն վերականգնել են։ Դղյակում գործում է թանգարան, որը ներկայացնում է դղյակի պատմությունը՝ բացատրելով նրա կարևորությունը Սրբազան Հռոմեական կայսրության համար։
Նյուրնբերգյան ամրոցային համալիրը ներառում է մի քանի կառույց՝ թագավորական պալատը, երկու կապելլաներ, մի քանի աշտարակ, կայսրի պարտեզները, բերդապարիսպներ և այլն։
Ամրոցի պահպանված ամենահին շինությունը Հնգանկյուն աշտարակն է, որը կառուցվել է 11-րդ դարում։ Կառույցներից իր հնությամբ երկրորդը Զույգ կապելլան է, որն ամենայն հավանականությամբ կառուցվել է 12-րդ դարում։ Այն բաղկացած է մեկը մյուսի վրա տեղադրված կապելլաներից, որոնք կենտրոնում միավորվում են։ Վերին կապելլան նախատեսված էր միապետի և նրա մերձավորների համար, իսկ ներքինը՝ ազնվականների և պալատականների համար։
Ամրոցում կա ջրհոր, այսպես կոչված՝ Խոր ջրհորը, որը պաշարումների ժամանակ բազմիցս ունեցել է փրկարար նշանակություն։ Համաձայն որոշ աղբյուրների՝ 15-րդ հարյուրամյակում այստեղ Շամիրամի կախովի պարտեզների նմանությամբ ստեղծվել են այգիներ, որոնք, ցավոք, մինչ մեր օրերը չեն պահպանվել։
Ամրոցն ունի ստորգետնյա հարկեր, որոնք որպես գարեջրի մառաններ էին ծառայում, սակայն Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այստեղ հայտնաբերվեց նացիստական գաղտնարան, որտեղ պահվում էին արվեստի անգին գործեր՝ թալանված Եվրոպայի տարբեր երկրներից։ Պատերազմի ավարտից հետո այս ցուցանմուշները վերադարձվել են իրենց տերերին։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am