Նորավանքի Վանական Համալիր, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Նորավանքի Վանական Համալիր, Վայոց Ձոր, Հայաստան
Նորավանքը (Ամաղու Նորավանք) գտնվում է Վայոց Ձորի Արենի գյուղից մոտ 10 կմ դեպի հարավ, Ամաղու գետի գեղատեսիլ կիրճում՝ միջնադարյան Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք:

Նորավանքը հիմնել է Հովհաննես Եպիսկոպոսը (1105 թվականին) իսկ XIII- XIV դարերին, շնորհիվ Սյունիքում իշխող Օրբելյանների, Նորավանքն ընդլայնվել է՝ դառնալով Սյունիքի հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը, ինչպես նաև Օրբելյան իշխանական տոհմական գերեզմանատուն: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Կարապետ, Սուրբ Գրիգոր ու Սուրբ Աստվածածին եկեղեցիներից ու գավթից:

Համալիրի գլխավոր՝ Սուրբ Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը՝ 1216-1223 թվականներին: Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է և բացվում է դեպի կցակառույց գավիթը, որը կառուցվել է Սուրբ Կարապետ եկեղեցու ավարտից անմիջապես հետո, իսկ հետագայում՝ 1261թ.-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Սակայն 1321թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է, որից հետո վերակառուցումն իրականացրել է հայտնի ճարտարապետ Մոմիկը։ 1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ եկեղեցու գմբեթը կրկին վնասվել է: 1949 թվականին վերակառուցվել են տանիքն ու պատերը, իսկ 1998 թ-ին Սուրբ Կարապետ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է հայկական ծագումով կանադական ընտանիքի հովանավորությամբ:

Սուրբ Կարապետ եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Ս.Գրիգոր եկեղեցին՝ Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը, որը 1275թ.-ին կառուցել է ճարտարապետ Սիրանեսը։

Համալիրի ամենաազդեցիկ կառույցը Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին է: Պատկանում է XIV դարում Հայաստանում տարածված երկհարկ, եռաստիճան եկեղեցիների տիպին: Այն նաև Բուրթելաշեն են անվանում՝ ի պատիվ Բուրթել Օրբելյան իշխանի, ում միջոցներով էլ կառուցվել է այս եկեղեցին: Ճարտարապետական ձևերի ու հարդարանքների նրբագեղությամբ, գեղարվեստական բարձր արժանիքներով համարվում է զարգացած միջնադարյան Հայաստանի ճարտարապետության և դրա վառ ներկայացուցիչ՝ Մոմիկի «կարապի երգը»: Մոմիկը եկել էր Նորավանք ամենայն հավանականությամբ Արենու Սուրբ Աստվածածին շինարարության ավարտից հետո՝ 1321 թ-ին: Չնայած նրան, որ Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը լրիվ ավարտվել է 1339-ին՝ արդեն Մոմիկի մահից (1333թ.) հետո, այն համարվում է ճարտարապետ, մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին գլուխգործոցը: Այստեղ կարելի է տեսնել նաև վարպետի ձեռքին պատկանող բարձրարվեստ խաչքարներ, ինչպես նաև նրա հիշատակին նվիրված հուշաքար:

Հոդվածը Վերոնիկա Կարապետյանի, www.building.am

Լուսանկարները՝ Arpine & Quentin


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ