Նոր Վարագավանք, Վարագավան, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՆոր Վարագավանք վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնադրվել է 1193-1198թթ. Նոր Բերդի իշխան Դավիթ Կյուրիկյանի կողմից (Բագրատունիների կրտսեր ճյուղ): Այդ ժամանակ կառուցվել է վանքի առաջին միանավ եկեղեցին երկու խորաններով: Հյուսիսից եկեղեցուն կից է Կյուրիկյանների տոհմական գերեզմանատունը (1200թ.): Ավելի ուշ եկեղեցու հարավային պատին կից կառուցվել է միանավ թաղածածք մատուռը:
Վանքի հյուսիսային մասում 1224-1237թթ. Դավիթ իշխանի որդի Վասակ II կողմից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ճարտարապետն է` Գազան Անեցին: Ներքուստ խաչաձև և արտաքուստ ուղղանկյուն եկեղեցին ունի չորս երկհարկանի ավանդատներ: Այն պսակվում է գլանաձև թմբուկ ունեցող գմբեթով: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից: Հարավային շքամուտքի զարդարանքը ինքնատիպ է և եզակի հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ: Այն զարդարված է խճանկարի ոճով շարված մուգ մանուշակագույն և բաց կապույտ քարերով` աստղի, վեցանկյունի և շեղանկյունի ձևով: Քարերի վրա քանդակված են կենդանակերպ և բուսական զարդանկարներ:
Նոր Վարագավանքի ունեցած երկու գավիթներից մեզ է հասել միայն մեկը (մյուսից միայն փլատակներ են մնացել): Ուղղանկյուն գավիթը կառուցվել է 1237-1261թթ. վանքի առաջնորդ Հովհաննես Տուեցու նախաձեռնությամբ: Վանքը ուներ նաև ջրամատակարարում, որը կառուցվել է 1253թ. ոմն Շառայի կողմից: Վանքի տարածքում կան խաչքարեր: Ամենահին խաչքարի (1620թ.) հեղինակը Վարդանն է:
Նոր Վարագավանքը սկզբում կոչվում էր Անապատ: 1273թ. պատմական Վասպուրականի նահանգում գտնվող Վարագավանքի առաջնորդ Ղուկասը ապաստան գտավ վանքում, փախչելով Խորասանի սուլթանի հալածանքներից: Նա իր հետ բերեց Վարագա Սուրբ Խաչը: Դրանից հետո էլ վանքը վերանվանվեց Նոր Վարագավանք:
Այսօրվա դրությամբ Նոր Վարագավանքը գտնվում է կիսավեր վիճակում:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am