Նասիր ալ Մուլք Մզկիթ, Շիրազ, Իրան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իրան

Իրանի ամենագեղեցիկ քաղաքի՝ Շիրազի ճարտարապետական մարգարիտների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Նասիր ալ Մուլք (Masjed-e Naseer ol Molk) կամ Վարդագույն Մզկիթը։ Այն գտնվում է հանրահայտ Շահ Չերաղ մզկիթի մոտակայքում։ Մզկիթը կառուցվել է 1876-1888 թվականներին, 19-րդ դարի պարսից շահերի Ղաջարական դինաստիայի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկի՝ Միրզա Հասան Ալի Նասիր ալ Մուլքի պատվերով։ Շենքի ճարտարապետներ են՝ Մուհամեդ Հասան-ի-Մեմարը և Ռեզա Քաշի Փազ-ի-Շիրազին։

Մզկիթի հիմնական բնութագրեր են կամարները, վիտրաժներ և առաստաղների ու արտաքին և ներքին պատերի խճանկարները։ Կամարները և նրանց ուղեկցող խորշերը զարդարում են շենքի համարյա յուրաքանչյուր անկյուն։ Մզկիթի պատերը ինչպես դրսից, այնպես էլ ներսից համարյա ամբողջովին ծածկված են գույնզգույն խճանկարով, որի ստեղծման համար լայնորեն օգտագործվել են գունավոր ապակու կտորներ։

Մզկիթն ունի ընդարձակ ներքին բակ՝ արհեստական լճակով, որում լողում են կենդանի ձկներ։ Այն ունի երկու այվան՝ բակի հարավային և հյուսիսային մասերում։ Հյուսիսային այվանը նշանակալիորեն գեղեցիկ է հարավայինից։ Նրա վրա գտնվում են երկու փոքր սիմետրիկ աշտարակներ։

Մզկիթում կա երկու աղոթելու դահլիճ՝ շենքի արևմտյան ու արևելյան թևերում։ Մզկիթի ամենագեղեցիկ մասը արևմտյան թևի աղոթելու դահլիճն է։ Դրա պատուհանները զարդարված են գունավոր վիտրաժներով։ Երբ պատուհաններից անցնում է վաղ առավոտյան լույսը, նախշերի բազմերանգ անդրադարձը միաձուլվում է որմնանկարների հետ, ստեղծելով աներևակայելի գունային գամմաներ։ Մզկիթի առաստաղի և պատերի յուրաքանչյուր մասնիկ արվեստի գործ է։ Պատերը և առաստաղները հիշեցնում են արևելյան գորգեր։ Տարվա ցուրտ եղանակներին աղոթասրահի հատակը ամբողջովին ծածկում են պարսկական գորգերով, ինչը էլ ավելի է ընդգծում մզկիթի պայծառությունը, իր այցելուներին տեղափոխելով արևելյան խճանկարների կախարդական աշխարհ։ Զարմանալի չէ, որ ժողովրդին մզկիթը ավելի հայտնի է Վարդագույն կամ Ծիածանափայլ Մզկիթ անվանումներով։

Ներկայում մզկիթը գործում է և գտնվում է Նասիր ալ Մուլքի հիմնադրամի պահպանության տակ։ Մզկիթում գտնվում է փոքրիկ թանգարան, որտեղ կարելի ծանոթանալ նրա պատմությանը։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ