Սեքսի Թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Թանգարանի ղեկավարությունն այն անվանում է ուսումնական լուսավորչական կենտրոն, որը պատմում է մարդու սեռական զարգացման մասին: «Անկանոն սեռական կապերը փառաբանող թանգարան», ասում է Կրոնական ու Քաղաքացիական Իրավունքների Կաթոլիկ Միաբանությունից Ուիլյամ Դոնոհյուն: Այնուամենայնիվ, եթե մի կողմ դնենք զգացմունքայնությունը, կմնա պատմական 15 000 նմուշ, որոնք ներառում են արվեստի գործեր, լուսանկարներ, տեխնոլոգիական նորույթներ, հագուստ, ինչպես նաև բավականին հարուստ գրադարան: Մի խոսքով ստեղծված է միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է համալրել սեռական դաստիարակության ոլորտում իր գիտելիքները:

Թանգարանը բացվել է 2002թ. Հոկտեմբերի 5-ին, Մանհեթենի 5-րդ Ավենյու 233 հասցեյով: Այն հիմնադրել է Դենիել Գլակը, ով ամբողջ կյանքում ուսումնասիրել է մարդկային սեքսուալությունը: Թանգարանի առաջին ցուցահանդեսը կոչվում էր «Սեքսը Նյու Յորքում. Ինչպես Նյու Յորքը Փոխեց Սեքսի Մշակույթը ԱՄՆ-ում»: Այնուհետև թանգարանն իր ուղղվածությունը փոխեց դեպի տարբեր քաղաքակրթությունների ու ժամանակաշրջանների պատկանող ցուցանմուշներ:

Գլակը փորձում էր թանգարանի համար ստանալ շահույթ չհետապնդող ընկերության կարգավիճակ, ինչպիսին որ ունեն մյուս բոլոր թանգարանները: Սակայն քաղաքային իշխանությունները նրան մերժեցին՝ անվանելով այն ծաղր մշակութային ուրիշ կենտրոնների հանդեպ: Վերոնշյալ Ուիլյամ Դոնոհյուն շատ պարզ արտահայտել է իր ծայրահեղ բացասական վերաբերմունքը թանգարանի հանդեպ՝ ասելով, որ «եթե թանգարանի հիմնադիրներն անկեղծ գտնվեին իրենք իրենց ու հասարակության առջև, նրանք թանգարանում կստեղծեին հատուկ «մահվան խցիկ»: Այն կխորհրդանշեր այն բոլոր հիվանդություններն ու դժբախտությունները, որ առաջացնում են անկանոն սեռական հարաբերությունները: Բացի այդ, դրանով իսկ նրանք ցույց կտային, թե ինչ մեծ դեր ունի շնանալը աղքատության առաջացման հարցում: Սակայն ընդհակառակը, այստեղ մենք տեսնում ենք անկանոն սեռական կապերի փառաբանում»: Այնուամենայնիվ, չնայած իշխանությունների ու Կաթոլիկ Լիգայի բացահայտ ագրեսիվ վերաբերմունքին, թանգարանը երբևէ չի ենթարկվել կրոնական հարձակումների: Հակառակը, այստեղ նույնիսկ կազմակերպվել է «Լատեքսով Պատած Հավատքը» անունով միջոցառում, որին ներկա էին կաթոլիկ, անգլիկան, բուդդայական ու հուդայական կրոնի առաջնորդները:

Պետք է նշել, սակայն, որ թանգարանն առանձնակի մեծ սեր չի վայելում տեղացիների ու զբոսաշրջիկների մոտ: Այցելուների կարծիքները բաժանվում են երկու խմբի. մեկը պնդում է, որ թանգարանում չկա որևէ նոր բան, որին կարելի է սովորել: Մյուս մասն էլ ասում է, որ թանգարանը պարզապես պորնոգրաֆիայի հավաքածու է, ու նույնիսկ մոտ էլ չէ էրոտիկայի արվեստին: Կարծիքները կարդալուց հետո ստեղծվում է տպավորություն, որ միայն այս թանգարանի այցելության համար, ժամանել Նյու Յորք խորհուրդ չի տրվում:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ