Էրոտիկայի Թանգարան, Ս. Պետերբուրգ, Ռուսաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ռուսաստան

Աշխարհի գրեթե բոլոր խոշորագույն քաղաքները ձգտում են ունենալ նմանատիպ թանգարաններ, որպես քաղաքակիրթ ու առաջադեմ լինելու խորհրդանիշ: 2004 թ. Սանկտ Պետերբուրգ քաղաքը լրացրեց «եվրոպականացված» երկրների շարքերը բացելով իր էրոտիկայի թանգարանը: Այստեղ, ինչպես և նմանատիպ այլ թանգարաններում, կարելի է տեսնել էրոտիկ մշակույթի տարբեր կոթողներ: Թանգարանի հիմնադիր Իգոր Կնյազկինը Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիային կից Շագանակագեղձի ուսումնասիրության ինստիտուտի ղեկավարն է: Հիմնելով այս թանգարանը՝ նա ցանկանում էր ցույց տալ, որ Ռուսաստանը ոչնչով չի զիջում եվրոպական երկրներին: Բացի այդ, նա նաև նպատակ ուներ բնակչության մոտ ձևավորել ճիշտ վերաբերմունք էրոտիկայի գաղափարի հանդեպ: Հայրենիքի առաջադիմությունն ապացուցելու իր ձգտման մեջ Կնյազկինը ձեռք բերեց թանգարանի համար մի անգնահատելի նմուշ՝ Գրիգորի Ռասպուտինի առնանդամը…

Թանգարանի բացումից հետո իր հարցազրույցում Կնյազկինն ասաց. «Այժմ մենք կարող ենք չնախանձել Ամերիկային, որտեղ պահվում է Նապոլեոն Բոնապարտի առնանդամը: Չնայած Նապոլեոնինը ընդամենը մի փոքր ծիլ է Ռասպուտինի համեմատ»: Եվ իսկապես, Ռասպուտինի «հպարտությունը» հայտնի է առաջին հերթին իր չափի շնորհիվ: Որոշ գիտնականներ նույնիսկ ենթադրում են, որ իրականում այն պատկանում է ոչ թե մարդու, այլ ձիու: Այս սիբիրեցու ողջ կյանքն է պարուրված եղել գաղտնիքներով: Այժմ հերթը նրա մնացորդներինն է:

Հայտնի է, որ նա եղել է Ռոմանովների ընտանիքին մոտ, մասնավորապես թագուհի Ալեքսանդրայի հետ՝ կապված թագաժառանգի հիվանդության (հեմոֆիլիա) հետ: Ըստ հասած տեղեկությունների՝ միայն Ռասպուտինն էր կարողանում կանգնեցնել ժառանգի արնահոսությունը: Դրա շնորհիվ Պետերբուրգ գալով 1911թ.՝ Ռասպուտինը շատ կարճ ժամանակում արժանացավ թագավորական ընտանիքի անսահման վստահությանը: Շուտով նրա ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ 1916թ. արիստոկրատների մի խումբ որոշեց վերջ դնել նրա «իշխանությանը»: Իրավիճակը վատանում էր նրանով, որ լուրեր էին պտտվում, թե Ռասպուտինը քրիստոնեական արարողությունների մեջ կիրառում էր սեռական ակտի մասնիկներ: Մի շարք ազնվազարմ կանանց, այդ թվում նաև թագուհուն վերագրվում էր սեռական կապ Ռասպուտինի հետ: Այս ամենին վերջ տալու նպատակով արիստոկրատները նրան հրավիրեցին խնջույքի, հյուրասիրեցին թունավորած գինի, գնդակահարեցին, իսկ վերջում մարմինը գցեցին սառած գետը: Հենց այստեղ է առաջին անգամ է ի հայտ գալիս Ռասպուտինի կտրած առնանդամը:

Երկար ճանապարհորդություններից հետո ցուցանմուշն իր տեղը գտավ Իգոր Կնյազկինի թանգարանում: Չնայած նրան, որ մասունքի ինքնությունը ապացուցված չէ, հյուսիսային մայրաքաղաքի շատ հյուրեր, ինչպես նաև տեղացիներ գալիս են նայելու Ռասպուտինի մասունքին: Թանգարանը գտնվում է Ֆուրշտատյան մայրուղի 47/11ա հասցեյում (Չերնիշևյան մետրոյի կայարանի մոտ): Թանգարանը բաց է ամեն օր 8:00 մինչև 21:30:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ