Մուլեն Ռուժ, Փարիզ, Ֆրանսիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՖրանսիաՇատ քչերը կգտնվեն, որ չեն ճանաչի հանրահայտ Մուլեն Ռուժը («Կարմիր Ջրաղաց» -թարգմանություն ֆրանսերենից): Շատերին այն ծանոթ կլինի նույնանուն ֆիլմից, որը պատմում է պարուհու և աղքատ գրողի դժբախտ սիրո մասին: Իրականում այս շենքում հիմնականում տիրում էր ոչ թե ռոմանտիկան և սերը, այլ կիրքն ու հեշտանքը:
Ամեն ինչ սկսվեց 1889 թ. նոյեմբերի 6-ին, երբ Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտի և Փարիզում միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ժոզեֆ Օլլերն ու Շարլ Զիդլերը Փարիզի բնակիչներին հրավիրեցին նոր կաբարե` Մուլեն Ռուժ: Շուտով Մուլեն Ռուժ այցելելը դարձավ հեղինակության հարց: Այստեղ կարելի էր հանդիպել ամենատարբեր մարդկանց` արվեստագետների, գողերի, մարմնավաճառների, ազնվականների… Կաբարեի տերերը հեշտությամբ գրավեցին մյուս կաբարեների լավագույն պարողներին. այստեղ պարում էին ժամանակի ամենահայտնի ու սկանդալային կատարողները, ում կեղծանուններն արդեն շատ բան էին ասում` «Շատակեր» (la Goulue) , «Ոսկե ճառագայթ» (Ray d’Ore) , «Նինի` ոտքերը վեր» (Nini Pattes en l’Air), «Անոսկոր» (le Désossé): Այստեղ է ծնվել ֆրանսիական կանկանը (անվանվել է այսպես անգլիացիների կողմից), որն այդ ժամանակվա ամենազգացմունքային պարն էր: Կանկանի ամենահայտնի կատարողներից մեկը` Մարգարիտա Ռիգոլբոշն ասում էր. «Կանկան պարելու համար պետք է հատուկ խառնվածք ունենալ, յուրահատուկ ոգի, այստեղ չի կարելի սահմանափակվել միայն ընդունված շարժումներով: Պետք է հորինել, կերտել: Կանկանը ոտքերի խելացնորություն է»:
Մուլեն Ռուժի խենթ տեսարաններն այսօր հայտնի են մեծամասամբ Անրի դե Տուլուզ Լոտրեկի ստեղծագործությունների շնորհիվ, որը գրեթե ամեն երեկո այստեղ էր անցկացնում, նայում էր պարուհիներին ու էսքիզներ անում:
Ասում են` Մուլեն Ռուժում է ծնունդ առել մերկապարը, սակայն դա այդքան էլ այդպես չէ: 1893թ. ամռանն այստեղ հավաքվել էին գեղարվեստի ակադեմիաների շրջանավարտները: Մի քանի շիշ շամպայնից հետո երկու աղջիկ բարձրացան սեղանների վրա ու մերկացան մինչև վերջ: Իրականում տեղի ունեցածը շատ արտասովոր դեպք էր: Մուլեն Ռուժի պարուհիներն այցելուներին ցույց էին տալիս միայն վարտիքի և գուլպաների միջև բաց մնացող ոտքերի հատվածը: Այսպիսով նրանք թույլ էին տալիս մարդկանց մտովի շարունակել պատկերն ըստ իրենց երևակայության:
1915թ. Մուլեն Ռուժը փակվեց ու վերաբացվեց միայն 1921թ. մյուզիք-հոլի տեսքով: 1962թ. կաբարեի ղեկավարումն անցավ Ջեքի Կլերիկոյին: Աշխարհահռչակ աստղերը պատիվ էին համարում այստեղ ելույթ ունենալը` Լայզա Մինելլի, Ֆրենկ Սինատրա, Ջինջեր Ռոջերս: Կաբարեի 90-ամյակին ակումբում ելույթ ունեցան Շարլ Ազնավուրը և Ջերրի Լյուիսը:
Ահա այսպիսին է Մուլեն Ռուժը` իրագործված ու փշրված երազանքների, կոտրված ու միացած սրտերի, ստեղծագործության, հեշտանքի ու գեղեցկության խորհրդանիշը…
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Photos: www.sortiraparis.com