Մերի Քինգի Փակուղի, Էդինբուրգ, Շոտլանդիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ ԲրիտանիաԻրականում սա ոչ թե փակուղի է, այլ մի ամբողջ թաղամաս, որն այդպես է անվանվել տների մեծամասնության սեփականատիրուհու անունով: XVII դարում Շոտլանդիայում ժանտախտի համաճարակն էր տիրում` սպանելով հարյուրավոր ու հազարավոր մարդկանց: Վարակի տարածումից խուսափելու համար Սբ. Էնդրյուի վանականներն ամեն գիշեր հավաքում էին մահացածների դիակները, տանում էին քաղաքից դուրս ու վառում էին: Մեկ այլ տարբերակը հիվանդներին առանձնացնելն էր: Հենց դրա համար էլ այս թաղամասում հավաքվում էին բոլոր ժանտախտով վարակվածները: Այստեղ նրանք պետք է ապրեին իրենց տանջալից կյանքի վերջին օրերը:
Զարմանալի չէ, որ հիմա այս տեղը հայտնի է իր ուրվականներով, որոնք շրջում են միջանցքներում ու վախեցնում են մարդկանց: Ամենահայտնի ուրվականը պատկանում է փոքրիկ հիվանդ Էննիին, որին ծնողներն էին այստեղ բերել: Հետագայում նա մահացավ ահավոր ցավերի մեջ ու այդպես էլ հանգիստ չունեցավ այս մռայլ պատերի մեջ: Շատերը նկարագրում են, որ տեսել են մի փոքրիկ աղջկա հնամաշ հագուստով ու հիվանդությունից այլանդակված դեմքով: Ոմանք ասում են, որ փոքրիկ շուն են տեսել նրա հետ, մյուսներին էլ նա երևացել է ձեռքին կոտրված տիկնիկով: Փոքրիկին գոնե մի քիչ ուրախացնելու համար զբոսաշրջիկները նրան տիկնիկներ և այլ խաղալիքներ են բերում: Էննին չի վերցնում դրանք, բայց բոլորը հավատում են, որ դրանք նրան ուրախացնում են:
Ժանտախտի համաճարակից 100 տարի անց այստեղ կառուցվեց նոր շենք, իսկ 2003թ.-ից սկսած տուրիստներին թույլատրվեց այցելել այս վայրը: Սակայն ամեն մեկը չէ, որ կարող է անցնել այս սառը և մռայլ տեղով: Այստեղ կարծես թե պատերը ներծծել են մահվան շունչը: Իսկ քամու յուրաքանչյուր շարժում նման է անմարմին էակների:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am