Լվովի Օպերային Թատրոն, Լվով, Ուկրաինա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ուկրաինա

Լվովի Ս.Ա. Կրուշելնիցկայայի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնը (նախքան 1939 թ. կոչվում էր Մեծ քաղաքային թատրոն) կառուցվել է 1887-1900 թթ. հայտնի լեհ ճարտարապետ Զիգմունդ Գորգոլևսկու ճարտարապետական նախագծի հիման վրա: Ըստ նրա համարձակ նախագծի՝ շենքը պետք է կառուցվեր Պոլտվա գետի վրա: Այդ նպատակով գետի համար ստորգետնյա անցում կառուցվեց և բետոնե բլոկերի վրա դրվեց շենքի հիմքը: Որպես հիմք, Եվրոպայում առաջին անգամ օգտագործվեցին համապատասխան բետոնե բլոկեր:

Ուշագրավ է, որ մինչ օրս քաղաքի բնակիչները չեն մոռանում, որ թատրոնի հիմքի տակ հոսում է Պոլտվան: Գոյություն ունեն առասպելներ, համաձայն որոնց շենքի ճարտարապետը կառույցի ավարտից մեկ տարի անց ինքնասպան է եղել, որովհետև ստորգետնյա ջրերի պատճառով շենքի հիմքը ճաքել էր: Թեև այս բոլոր առասպելները անհիմն են, իսկ շենքի ճարտարապետը մահացել է իր բնական մահով, փաստ է, որ խորհրդային ժամանակներում տոնական երթերի ժամանակ արգելված էր ծանր ռազմական տեխնիկայի շարժը թատրոնի շենքի մոտով:

Շենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1900 թվականի հոկտեմբերի 4-ին: Ընդհանուր առմամբ շենքի կառուցման համար ծախսվել էր մոտ 2 ու կես միլիոն ավստրիական կրոն: Թատրոնի հանդիսավոր բացմանը ներկա էին այնպիսի հայտնի անձիք, ինչպիսիք են գրող Հենրիկ Սենկևիչը կամ կոմպոզիտոր Իգնացի Պադերևսկին:

Թատրոնի ճարտարապետական ոճը համատեղում է ռենեսանս և բարոկկո ոճերի տարրեր: Շենքը թե ներսից, և թե դրսից ճոխ զարդարված է: Թատրոնի ճակատամասը զարդարված է սյուներով, որմնախորշերով և ճաղաշարքերով: Ճակատամասի գլխավոր քիվի վերևում կարելի է տեսնել 8 մուսաների քանդակները, իսկ դրանցից քիչ վերև՝ «Կյանքի ուրախություններն ու տառապանքները» քանդակագործական կոմպոզիցիան: Ճակատամասը ավարտվում է ձեռքում արմավենու ոսկեզօծ տերև բռնած «Փառքի» խոշոր բրոնզե արձանով, որը ստեղծել է հայտնի քանդակագործ Պետր Վոյտովիչը: ճակատամասի ձախ և աջ կողմերում տեղադրված են ևս երկու խոշոր բրոնզե արձաններ՝ «Կոմեդիա և դրաման» ու «Երաժշտությունը»: Առանձնահատուկ ուշադրություն է գրավում նաև Լվովի գլխավոր խորհրդանիշ համարվող առյուծի խոշոր քարե գլուխը:

Շենքը, թե ներսից և թե դրսից, առաջացնում է ամեն մանր տարրի մտածված լինելու զգացողություն: Թատրոնը ներսից զարդարված է ոսկեջրով, գունավոր մարմարով և բազմաթիվ արձանիկներով ու նկարազարդումներով: Գլխավոր բեմը զարդարում է հայտնի նկարիչ Հենրիկ Սեմիրադսկու ստեղծած «Պառնաս» վարագույրը, որը ներկայացնում է տարբեր դրվագներ մարդու կյանքից: Ըստ առասպելի՝ Սեմիրադսկին որոշել է նվիրել վարագույրը թատրոնին այն բանից հետո, երբ պարզվել է, որ թատրոնի ղեկավարությունը բավականաչափ գումար չունի, որպեսզի վճարի նախապես արված պատվերի համար:

Լվովի օպերային թատրոնը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ օպերաներից մեկը՝ և դասվում է Օդեսսայի և Վիենայի թատրոններին հավասար: 2000 թվականից թատրոնի շենքը պատկերված է 20 գրիվնա արժողությամբ թղթադրամի վրա:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ