Լե Շաբանե, Փարիզ, Ֆրանսիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՖրանսիաԼե Շաբանեն Փարիզի ամենամեծ ու ամենահայտնի հասարակաց տունն է եղել: Նրա հիմնադիրը մադամ Քելլի անունով հայտնի մի իռլանդացի կին էր: Այս կնոջ կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի բացի նրանից, որ նա լայն կապեր ուներ Փարիզի Ժոկեյական ակումբում։ Այդ կապերի շնորհիվ նա կարողացավ վաճառել հասարակաց տան 1.7 միլիոն ֆրանկին համարժեք բաժնետոմսեր։ Ներդրողների անունները /նույն հաճախորդները/ բնականաբար գաղտնի էին պահվում։ Սակայն մեկի անունը պահպանվել է. Ուելսի արքայազն Բերթին, Մեծ Բրիտանայի ապագա թագավոր Էդուարդ VII։ Նա հայտնի էր կանանց ու զվարճանքների հանդեպ իր հակվածությամբ։ Այն 64 տարիների ընթացքում, որ նա սպասում էր թագադրվելուն, նա մի կողմ թողեց բոլոր արքայական սովորություններն ու լիովին տրվեց հեդոնիստական զվարճանքներին։ .
Լե Շաբանեյում նա ուներ իր սեփական սենյակը, որը զարդարված էր ամենայն շքեղությամբ։ Ներքին հարդարանքի պարագաներից առանձնահատուկ տեղ ունի Բերթիի հատուկ աթոռը։ Քանի որ նա հայտնի էր իր մեղմ ասած ոչ ատլետիկ կազմվածքով, բայց այնուամենայնիվ մեծ տեղ էր տալիս սեռական հաճույքներին, նա պատվիրել էր այս հատուկ աթոռակը, որը նրան թույլ էր տալիս սեռական խրախճանքների տրվել միաժամանակ երկու կանանց հետ։ Մեկ այլ հատկանշական պարագա էր պղնձյա լոգարանը, որն ուներ կնոջ դեմքով կարապի տեսք։ Հասարակաց տան փակվելուց հետո այն գնեց Սալվադոր Դալին 112 000 ֆրանկով։ .
Լե Շաբանեի պատմության մեջ պահպանվել է նաև մեկ այլ հայտնի մարդու անունը, Անրի դը Տուլուզ-Լոտրեկ։ Նա նմանատիպ հաստատությունների մեծ սիրահար էր. նկարչին հաճախ կարելի էր տեսնել նաև Մուլեն Ռուժում։ Հատուկ Լե Շաբանեի համար նա ստեղծել է 16 նկար։ Հասարակաց տան յուրաքանչյուր սենյակ կահավորված էր առանձին ոճի մեջ. ճապոնական, հնդկական, չինական, Լյուդովիկոս XIV ոճի մեջ և այլն։ Մի ժամանակ Լե Շաբանեն մտնում էր Փարիզի պաշտոնական այցելությունների ծրագրի մեջ։ Որպես կանոն նման այցելությունը պաշտոնական փաստաթղթերում նշվում էր որպես «այցելություն Սենատի Նախագահին»։ .
1920-ական թթ. կեսերին Փարիզում բացվեց «Մեկ Երկու Երկու» հասարակաց տունը, ինչի հետևանքով Լե Շաբանեի փառքը սկսեց մարել։ Իսկ 1946 թ. Ֆրանսիայում ընդունվեց հասարակաց տների փակման մասին օրենք, ու Լե Շաբանեն դադարեց գոյություն ունենալ։ Այսօր այդ շենքը բնակելի է, հարկաբաժիններից մեկն էլ հանրահայտ հասարակաց տան պատմությունը փոխանցող փոքրիկ թանգարան է։.
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am