Քոբայրի Վանքային Համալիր, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՔոբայրի (այր- քարանձավ հայերենով, քոբ- քարանձավ վրացերենով) վանքային համալիրը կառուցվել է XII-XIII դարերում և գտնվում է Դեբեդ գետի ձորալանջի բարձրադիր մասում, իսկ արևմտյան մասում 150 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռ է կախված՝ շառաչող ջրվեժի շիթերով: Քոբայրը միջնադարյան մշակույթային և գրչության կարևոր կենտրոն է եղել, որի հետ կապված է եղել XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: XII դարի կեսերին վանքային համալիրը հայկական նշանավոր ֆեոդալական տների՝ Կյուրիկյաններից (Բագրատունիների Կյուրիկյան ճյուղ) անցնոմ է Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչներին՝ հետևապես միաբնակ եկեղեցուց վերածվելով քաղքեդոնականի ( դրանով են իսկ պայմանավորված որոշ վրացերեն արձանագրությունները): Վանքային համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց՝ գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցուց (XIIդարի վերջ - XIIIդարի սկիզբ), Մարիամաշեն եկեղեցուց (1171թվականին կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից), Սրահավոր միանավ եկեղեցուց (XIII դար), զանգակատուն- տապանատնից (կառուցվել է 1279 թվականին), սեղանատնից (XIII դար), խաչքարերից, մատուռներից, պարսպապատերի մնացորդներից (4-5մ բարձրությամբ): Քոբայրը հատկապես նշանավոր է իր որմնանկարներով, որոնք միջնադարյան հայկական գեղանկարչության արժեքավոր հուշարձաններ են հանդիսանում: Ըստ ավանդույթի Հովհաննես Թումանյանի «Սարո և Անուշ» պոեմի հերոսուհին՝ Անուշն իրեն ցած է նետել Քոբայրի եկեղեցու պատուհանից՝ դեպի Դեբեդի անդնդախոր Ձորը: