Կիրանց Վանք, Կիրանց, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԿիրանց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում Կիրանց գյուղից 12 կմ. արևմուտք: XIII դարում հիմնված վանքային համալիրն իր մեջ է ներառում երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, բնակելի և տնտեսական շինություններ: Վանքը շրջապատված էր պարսպով, որից միայն ավերակներ են մնացել: Մինչև այսօր պահպանվել է դեպի հարավ-արևմուտք բացվող մեծ կամարակապ դարպասը: Շինությունների մեծ մասը կառուցված է աղյուսից և սրբատաշ քարից:
Գմբեթավոր կառուցվածքով, երկու զույգ մույթերով գլխավոր եկեղեցին կառուցվել է XIII դարում: Խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկ ավանդատները: Եկեղեցին պսակում է ութանիստ թմբուկը, զարդարված վեցաթև աստղի և շեղանկյան ձև ունեցող ջնարակված սալիկներով: Եկեղեցու երկու մուտքերը տանում են դեպի գավիթներ:
Հյուսիսից և հարավից Կիրանց վանքի գլխավոր եկեղեցուն կցված են երկու միանավ աղյուսաշեն եկեղեցիները: Գլխավոր եկեղեցուց արևմուտք գտնվում է թաղակապ կամարներով սեղանատունը, որը կառուցված է անմշակ ավազաքարից և գետաքարից: Վանքի սեղանատունը հայ միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է:
Գլխավոր եկեղեցու և սեղանատան ինտերիերը զարդարված էր որմնանկարներով: Գմբեթի վրա պատկերված է «Համբարձման» տեսարանը, թմբուկի ներքին մասում`տեսարաններ Հին կտակարանից, իսկ առագաստների վրա պատկերված են ավետարանիչները: Գլխավոր եկեղեցու պատերին պահպանվել են որմնանկարների հատվածներ հուներեն և վրացերեն մակագրություններով, ինչը վկայում է այն մասին, որ վանքը պատկանում է հայ քաղկեդոնական ճյուղին: Կիրանց վանքի ճարտարապետությունը և ներքին հարդարանքը հայկական և վրացական ավանդությունների ներդաշնակ զուգակցում է: Վանքի տարածքում են գտնվում նաև բնակելի տարածքների փլատակները և միջնադարյան գերեզմանատունը:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am