Ֆահդ Արքայի Ազգային Գրադարան, Էր Ռիադ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Սաուդյան ԱրաբիաՖահդ Արքայի Ազգային Գրադարան, Էր Ռիադ, Սաուդյան Արաբիա
2013 թվականի նոյեմբերին Ֆահդ արքայի անվան գրադարանը տասնամյա վերակառուցումից հետո վերստին բացեց իր դռները ընթերցասերների առջև։ Վերակառուցում բառը այս դեպքում այնքան էլ տեղին չէ, քանզի շենքը լիովին փոփոխության է ենթարկվել։
Այս նոր, բոլոր առումներով ժամանակակից շինությունը ուշագրավ է նրանով, որ այստեղ համատեղված են Մերձավոր Արևելքի ավանդական ճարտարապետության տարրերը և Արևմուտքի ժամանակակից տեխնոլոգիաները։ Նոր շենքը կառուցվել է «Գերբեր Արքիթեքթեն» ճարտարապետական ընկերության նախագծի համաձայն՝ Էկհարդ Գերբերի ղեկավարությամբ։ Վերակառուցողները, պահպանելով հին շինությունը, նրա շուրջը ստեղծել են նոր գրադարան, որն ավելի մոտ է Էր Ռիադի ժամանակակից և ճոխ ճարտարապետական մթնոլորտին։ Շենքը պլանում քառակուսի է՝ 120 մետր կողմերի երկարությամբ։ Կառույցի արտաքին ճակատը բոլոր կողմերից պատված է շեղանկյունաձև նախշերով։ Ճարտարապետները փորձել են այս նախշը նմանեցնել արաբական վրանների, սակայն ճակատային մասն ամբողջությամբ պատող այս տեքստիլ նախշազարդը առաջին հերթին ասոցացվում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ, այլ ոչ թե բեդուինների վրանների։ Շենքի ինտերիերը նույնպես գերժամանակակից է. բարձր առաստաղներով դահլիճները լիովին կահավորված են ժամանակակից տեխնիկայով։
Քառակուսի՝ նոր շինությունը բոլոր կողմերից շրջապատում է գրադարանի հին շենքը, ասես ամփոփելով իր մեջ այն։ Հին շենքը խաչաձև տեսք ունի և այժմ օգտագործվում է որպես գրապահոց։ Գերբեր ընկերության ճարտարապետները որոշեցին վերակառուցել հին շենքի կլոր բետոնե գմբեթը պողպատից և ապակուց, քանի որ այն համարվում է գրադարանի խորհրդանիշը։ Շենքում կա հատուկ տարածք՝ առանձնացված գրադարանի մյուս մասերից՝ առանձին մուտքով։ Այս մասը նախատեսված է բացառապես կանանց համար, որոնք կարող են այստեղ գտնվել առանց փարաջայի։
Ընդարձակ շինությունը, ընթերցասրահների և վարչական բաժինների հետ, ունի նաև ռեստորան, ցուցահանդեսների համար նախատեսված դահլիճներ, գրախանութ և այլն։ Շինության ընդհանուր մակերեսը, ներառյալ հին շենքը և նորակառույց հատվածները, կազմում է 86635 քառակուսի մետր։
Կառույցի վերակառուցման ժամանակ Գերբեր ընկերությունն օգտագործել է ժամանակակից տեխնոլոգիաներ, որպեսզի շենքը լինի էկոլոգիապես անվնաս և էներգախնայող։
Գրադարանի շենքը շրջապատված է քառակուսի զբոսայգով, որտեղ աճում են արմավենիներ։ Գիշերները շենքը և շրջապատող զբոսայգին վառ լուսավորվում են՝ առանձնանալով շրջապատող քաղաքային պատկերից։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am