Թալինի Կաթողիկե Եկեղեցի, Թալին, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԿաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Թալինի տաճար, գտնվում է Թալին քաղաքի հյուսիսում: Պատմական տարեգրություններում չի պահպանվել որևէ տեղեկություն եկեղեցու շինարարության վերաբերյալ: Պատմաբանների եզրակացությամբ, որի հիմքում ընկած է եկեղեցու շենքի ճարտարագեղարվեստական հատկանիշների հետազոտումը` եկեղեցին վերաբերում է VII դարի երկրորդ կեսին: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է Կամսարական իշխանների կողմից: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ Կաթողիկեն կառուցվել է այն ժամանակ, երբ Հայոց եկեղեցին ստիպված էր ընդունել քաղկեդոնականություն:
Թալինի Կաթողիկե եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Նրա արտաքին հարդարանքն աչքի է ընկնում շքեղ քանդակազարդերով: Հենց դրանով էլ Կաթողիկեն տարբերվում է V-VII դարերի մյուս հայկական եկեղեցիներից, որոնց բնորոշ է համեստությունն ու զարդերի բացակայությունը: Եկեղեցու ներքին պատերը զարդարվել էին որմնանկարներով` Մովսես Եկեղեցապանի պատվերով: Նրանցից շատերը չեն պահպանվել, բայց այսօր կարելի է տեսնել գլխավոր խորանի վերին մասում պահպանված որմնանկարների հատվածները, որտեղ պատկերված են Հիսուս Քրիստոսը, Մարիամ Աստվածածինը և սրբերի դիմապատկերները:
Ամենահայտնի որմնանկարներն են «Քրիստոսը Փառքի մեջ» և «Մուտք Երուսաղեմ»:
Թալինի Կաթողիկե եկեղեցին տուժել է 1840թ. երկրաշարժից. քանդվել է եկեղեցու գմբեթը և նրա հարավ-արևմտյան մասը: 1947թ. եկեղեցին մասամբ վերանորոգվել է: 1970-1974թթ. վերականգնվել է գմբեթի թմբուկը և նորոգվել տանիքը:
Վերականգնողական աշխատանքների ժամանակ եկեղեցուց հյուսիս հայտնաբերվել է միջնադարյան միանավ մատուռի ավերակները: Ենթադրվում է, որ այս շինության հատակի տակ գերեզմանատուն էր: Այստեղ նաև հայտնաբերվել էին մի շարք քառակող կոթողներ և թեմատիկ բարձրաքանդակներ:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am