Յուլիուշ Սլովացկու Անվան Թատրոն, Լեհաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լեհաստան

Յուլիուշ Սլովացկու Անվան Թատրոն, Կրակով, Լեհաստան

Զբոսնելով Կրակովի պատմական կենտրոնում և հասնելով Սուրբ Հոգի հրապարակ` դուք կգտնեք մի մեծ գեղեցիկ շենք, շրջապատված կանաչ մարգագետնով։ Այդ շինությունը Յուլիուշ Սլովացկու անվան թատրոնն է (Teatr im. Juliusza Słowackiego)։

Շենքը կանգնած է մի վայրում, որտեղ նախկինում եղել է վանք, որի պատվին էլ հրապարակը անվանվել է Սուրբ Հոգի։ 1870-ական թվականներին քաղաքի ղեկավարության որոշումը՝ քանդել եկեղեցին և նրա տեղում կառուցել թատրոն, արժանացավ սուր քննադատության։ Սակայն այս պատմությունը արգելք չհանդիսացավ նրան, որ նոր թատրոնն արագ հանրաճանաչություն ձեռք բերի։ Թատրոնը սկսեց գործել 1893 թվականին։ Սկզբում այն կոչվում էր Մունիցիպալ թատրոն, սակայն 1909 թվականին վերանվանվել է ի պատիվ լեհ հայտնի բանաստեղծ Յուլիուշ Սլովացկու։

Շենքը կառուցվել է որպես լեհական էկլեկտիկ ճարտարապետության վառ օրինակ։ Շենքը արտաքինից սպիտակ է՝ կլոր կանաչ գմբեթներով և կամարակապ բազմաթիվ պատուհաններով։ Շենքի ճարտարապետ Յան Զավեյսկին, ստեղծելով թատրոնը, ոգեշնչվել է իր ժամանակաշրջանի բարոկկո ոճով կառուցված Եվրոպայի լավագույն թատրոնների օրինակով, ինչպիսին է օրինակ՝ Փարիզի Գարնիե օպերան։

Շենքի գլխավոր ճակատային հատվածը` երեք համաչափ դռներով և երեք միանման համաչափ պատուհաններով, շքեղորեն զարդարված է սյուներով և քանդակներով։ Ճակատային մասի կլորավուն անկյունային ելուստների վրա գտնվում են երկու գմբեթներ։ Դեպի մուտք, երկու կողմերից, տանում են կառքերի համար նախատեսված սալաքարե ուղիներ։ Շենքի ճակատային մասը զարդարում է «Կրակովը ազգային արվեստների համար» գրությունը։

Թատրոնի գլխավոր բեմը զարդարում է հայտնի նկարիչ Հենրիխ Սեմիրադսկու ստեղծած վարագույրը։ Շենքի ինտերիերը զարդարված է վիեննական նկարիչ Անտոն Թուխի որմնանկարներով։ Յուլիուշ Սլովացկու անվան թատրոնը Կրակովի առաջին էլեկտրիֆիկացված շենքն էր։ Ներկայումս շենքի բակում գտնվող նախկին էլեկտրակայանի տեղում 1979 թվականից գործում է թատրոնի փոքր բեմը։

Իր գոյության բոլոր տարիների ընթացքում թատրոնը երբեք չի դադարել գործելուց։ Անգամ նացիստական օկուպացիայի տարիներին թատրոնը չի փակվել, քանի որ այստեղ ելույթ էին ունենում գերմանական դերասանները։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ