Հյուրանոց Ծառերի Վրա , Տակիլմա, Օրեգոն, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Այս հանգստյան և կրթական համալիրի լրիվ անվանումն է «Out'n'About Treehouse Treesort LLC& Treehouse Institute of Arts and Culture»: Նրանք, ովքեր բարձր են գնահատում բնության հետ շփումը, կարող են վայելել իրենց հանգիստն այս հյուրանոցի էկզոտիկ սենյակներում՝ 16 փայտյա խրճիթներում, որոնք տեղաբաշխված են սքանչելի ու գեղատեսիլ մի վայրում: Դրանց եզակիությունն ընդգծվում է անմիջապես ծառի վրա գտնվելով, իսկ մի քանիսն էլ գետնից ավելի քան 10մ բարձրության վրա են: Հանգստյան գոտու ընդհանուր մակերեսը 14.5 հա է և բացի 16 ծառ-տներից այստեղ կգտնեք կախված կամուրջներ, ձիերի ախոռ, հավաբուն, լողավազան՝ լցված գետի քաղցրահամ ու անապակ ջրով և շատ այլ կառույցներ: Դուք նաև կարող եք սուր զգացողություններ ստանալ ձիավարելուց կամ ջրային րաֆտինգից (water rafting - սպորտային ջրագնացություն լեռնային գետերում): Իսկ երեկոյան, երբ հոգնած եք, կախովի կամուրջի կամ աստիճանի օգնությամբ կարող եք այցելել հարևանին, ով միգուցե արդեն պատրաստել է ավանդական սուրճն իր հարմարավետ և արտասովոր խոհանոցում: Սա ընտանեկան հանգստի հիանալի վայր է, որտեղ շոշափելի է դառնում բնության հետ կատարյալ միասնությունն ու ներդաշնակությունը: Այն վտանգալից է և շա՜տ զվարճալի: Հետևեք հատկապես երեխաներին, քանի որ կամուրջներն ու աստիճանները բավականին բարձր են գետնի մակարդակից: Այս հանգստյան վայրը ունի անգամ ուսումնական կենտրոն, որտեղ սովորեցնում են ծառերի վրա փայտից տուն կառուցելու գրագետ եղանակները:

Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ այս համալիրին, կամ ձեր հանգիստն անցկացնել այստեղ, այցելեք հանգստավայրի պաշտոնական կայքը www.treehouses.com
հասցեյով: Ծառերի վրա մեկ օրվա կացության արժեքը սկսում է 250 ԱՄՆ դոլլարից:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.inhabitat.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ