Հյուրանոց Պլաստիկ Քարտերից, Նյու Յորք, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Մարդը հակասությունների մարմնացում է. մեկ նա ձգտում է ճոխության, մեկ էլ՝ պարզության ու հասարակի: Բայց, միանշանակ, հաճույքի մեծագույն աղբյուրը զանազանությունն է, և կյանքում ամեն ինչից, թեկուզ և քիչ չափաբաժնով փորձելը, կարծում եմ, տեղին է և արդարացված: Իսկ էքսցենտրիկ արվեստագետ Բրայան Բերգը, միգուցե առաջնորդվելով նրանով, որ ամեն մի հանճարեղ բան պարզության մեջ է, ստեղծեց աշխարհում դեռևս եզակի հյուրանոցը՝ 200.000 պլաստիկ քարտերից: Նա արդեն 1992թ.-ին՝ դեռևս 17 տարեկան հասակում, հասցրել է մուտք գործել Գիննեսի ռեկորդների գիրքը՝ խաղաքարտերից կառուցելով ամենաբարձր շենքը՝ 8մ բարձրությամբ:

Այս փոքրիկ հյուրանոցը, որի մակերեսը կազմում էր 37քմ. և կշռում էր 1814կգ, գտնվում էր Նյու Յորքի Սաութ Սթրիթ Սիփորթում (South Street Seaport): Եզակի այս հյուրանոցը հանրության առաջ իր դռներն է բացել 2009թ.-ի սեպտեմբերի 17-ին «Holiday Inn» հյուրանոցների ցանցի հովանավոր ընկերության շրջանակներում՝ գործելով ընդամենը 5 օր: Անսովոր շենքի հիմնական շինանյութը ոչ այլ ինչ էր, քան մագնիսական քարտ-բանալիները, որոնք բացում են հյուրանոցային համարների էլեկտրոնային կողպեքները: Զվարճալի հյուրանոցը ներառում էր ննջարան, լոգարան, հյուրասենյակ և դահլիճ: Քարտերից պատրաստված բոլոր համարները համալրված են եղել կահույքով (բազմոց, մահճակալ), զգեստապահարանով, խոհանոցային սեղանով, բուխարիով, զուգարանով. բոլորը միևնույն նյութից և ամբողջական, իրական ծավալով: Իսկ կանաչ ու սպիտակ գունավորմամբ ներքին դիզայնը լիովին թարմություն ու հանգստություն էր ներշնչում:

Բերգն իր գործի իսկական վարպետ է, արհեստավոր-արվեստագետ, որի ձեռքին ինչ-որ պարզ բան դառնում է արվեստի մի փայլուն ստեղծագործություն:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.trifter.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ