Հանգ Նգա Հյուրանոց-Պատկերասրահ, Վիետնամ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Վիետնամ

Տեղացիները կառույցն անվանում են «Խենթ տուն» , սակայն այս էքստրավագանտ քաղաքային ճարտարապետության պաշտոնական անվանումն է՝ «Հանգ Նգա հյուրանոց և պատկերասրահ»: Ճարտարապետությունը ծայրահեղ ոչ ավանդական է, ըստ այդմ էլ այն ունի մի շարք անուններ՝ «տուն-ծառ»կամ «սարդոստայնե շալե»: Այստեղ բնակելի շինարարությանը բնորոշ ամրագրված կամ ոչ ամրագրված կանոններ չկան. պարզապես անհնար է պարզել այս ճարտարապետական ոճը, սակայն սյուրռեալիզմը այստեղ ամենուր է: Այս խենթ շինության ճարտարապետն է Վիետնամի նախկին նախագահի դուստրը՝ Հանգ Նգան, ով 14 տարի ապրել և ճարտարապետական կրթություն է ստացել Մոսկվայում: Հանգ Նգա Հյուրանոց-պատկերասրահը գտնվում Վիետնամի Լամ Դոնգ գավառի կենտրոն՝ Դա Լատ քաղաքում: Սա հեքիաթային ամրոց է, որտեղ զետեղված են հսկա կենդանակերպ կառույցներ՝ ընձուղտի, սարդի և այլ բազում կենդանիների տեսքով, ուր կարող եք անկրկնելի ժամանակ անցկացնել մեկ գավաթ թեյի շուրջ և անգամ գիշերել: Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ պատրաստված է փայտից, սակայն իրականում կիրառվել են ավանդական շինանյութեր: Հետևելով գիդին՝ դուք կընթանաք նեղ լաբիրինթներով, մթին թունելներով՝ մանրազնին կերպով ուսումնասիրելով ամեն մի անկյուն: Այնուհետև պարույրաձև աստիճաններով բարձրանալով դեպի վեր՝ կարող եք այցելել թեմատիկ սենյակներ, ինչպիսիք են` վագրի սենյակը, ընձուղտի սենյակը, մրջյունների սենյակը և այլն: Հատկանշական է, որ արվեստի այս նմուշը զարմանալի խառնուրդ է հանդիսանում Դիսնեյլենդյան ամրոցների և հռչակավոր Գաուդիի ճարտարապետության: Այստեղ բնությունն ու ճարտարապետությունը միաձուլվում են` ստեղծելով հեքիաթային ճարտարապետության իսկական գլուխգործոց: Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը նախապատվություն կտա հանգստանալ այս «սարսափելի» խելագար ապաստանում, ուստի այն կարելի է դասել որպես տեսարժան վայր, քան հյուրանոց: Դա Լատի Ազգային կոմիտեն միշտ չէ, որ գնահատում է նման ստեղծագործական նախագծերը: Դա Լատի նախկին ճարտարապետական գլուխգործոցը՝ «100 տանիքներով տունը» ոչնչացվել է որպես «դյուրավառ» կառույց, չնայած իրական քանդման պատճառը դրա «հակասոցիալիստական» բնույթն է եղել: Բարեբախտաբար, այս Խենթ տունը նման ճակատագրի չի արժանացել և դժվար թե հետագայում արժանանա, քանի որ այսօրվա Վիետնամը հետզետե փոխում է իր խիստ «սոցիալիստական» զարգացման ուղին:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ