Հաղարծին Վանքային Համալիր, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՀաղարծնի վանքը (Հաղարծնավանք) գտնվում է Տավուշի մարզում (պատմական Գուգարք նահանգի Ձորոփոր գավառում) Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս` Հաղարծին գետակի վերին հոսանքի գեղատեսիլ կիրճում: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում եկեղեցիներ, գավիթներ, սեղանատունը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորների գերեզման-դամբարանը:
Համալիրի ամենահին կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (X դար): Այն կառուցել են Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից հալածանքներից փախած վանականները: Սուրբ Գրիգոր եկեղեցին ներքուստ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, չորս անկյուններում` ավանդատներով, գմբեթավոր կառույց է: Այն պսակվում է ութանիստ թմբուկի վրա հենվող գմբեթով:
Հաղարծնավանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքների ժամանակ: Համալիրը վերականգնվել է XII դարում վրաց թագավոր Գեորգի III և հայ իշխանների կարգադրությամբ: Հաղարծինն իր ծաղկումն ապրեց XII դ. վերջին-XIII դ. սկզբին` վանահայր, երաժիշտ և գիտնական, Խաչատուր վարդապետ Տարոնացու օրոք: Այդ ժամանակ էլ Հաղարծնավանքը դարձավ հյուսիս-արևելյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոն:
1184թ. Խաչատուր վարդապետ Տարոնացին և Սուքիաս վարդապետը վերանորոգել են Սուրբ Գրիգոր եկեղեցին: 1194թ. կառուցվել է փոքր միանավ եկեղեցին: XII դարի վերջին իշխան Իվանե Զաքարյանը իր վասալներ Աթանեսի և Արտավազդի օժանդակությամբ Սուրբ Գրիգոր եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է գավիթ, կիս-աշխարհիկ, կիսաեկեղեցական կառույց, որտեղ կար աղոթասրահ, և թաղման տեղ: Ուղղանկյուն գավիթը, որը կառուցվել է քաղաքացիական կառույցների համանմանությամբ, ունի չորս գլանաձև թաղ ցածր թմբուկով, որը պսակում է ժողովրդական կացարաններին բնորոշ գլխատունը` երդիկով կենտրոնական մասում:
1244-ին Սուրբ Գրիգոր եկեղեցուց դեպի արևելք կապտավուն բազալտից կառուցվել է Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին: Այն գլխավոր եկեղեցու փոքրացված կրկնօրինակն է: Հենարանների բացակայությունը եկեղեցու ինտերիերը դարձնում է ամբողջական և հարմարավետ:
Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է XI դարում, գերիշխում է ամբողջ ճարտարապետական անսամբլում: 1281-1287թթ. այն վերակառուցվել է Տեր Հովհաննեսի և Տեր Սարգիսի աջակցությամբ: Եկեղեցին խաչաձև գմբեթավոր կառույց է: Շքեղորեն զարդարված ճակատները (բացառությամբ` արևմտյանի) մշակված են հայկական խորշերով՚:
16-նիստ գմբեթի դեկորատիվ կամարաշարը ավելացնում է նրա բարձրությունը և ավելի վեհասքանչ դարձնում: Արևմտյան կողմից եկեղեցուն կից է եղել այժմ ամբողջովին ավերված ժամատունը:
Արևելյան ճակատի քանդակները պատկերում են վանական զգեստով երկու տղամարդու, որոնք մատնացույց են անում իրենց մեջտեղում պատկերված եկեղեցու գմբեթի նախնական կառուցվածքի մանրատիպարին:
1248թ. տաղանդավոր ճարտարապետ Մինասը` Գրիգորես և Մովսես ճարտարապետների մասնակցությամբ, Հաղարծնավանքի արևմտյան մասում սեղանատուն է կառուցել, որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետական ամենավառ ստեղծագործություններից էր: Սեղանատունը մեկ զույգ մույթերով բաժանված երկու հավասար մասերի, որոնք ծածկված են երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով: Արևմտյան ճակատի լայնաթռիչք կամարակապ բացվածքով ներս էին գալիս բազմաթիվ ուխտավորներ:
Հաղարծնի վանքի շրջակայքում կան մատուռներ և խաչքարեր: Սեղանատնից ոչ հեռու գտնվում են վանական խոհանոցի մնացորդները: Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 350 կգ կշռող բրոնզե կաթսա (1232թ.), որը հիմա պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում: Եկեղեցու գավիթի հարավային պատերի տակ պահպանվել են թագավորներ Գագիկ և Սմբատ Կյուրիկյանների դամբարանի հիմքերը:
1671թ. վերականգվել է Ս. Ստեփանոս եկեղեցին, իսկ 1681-ին վերանորոգվել են Ս. Գրիգոր և Ս. Աստվածածին եկեղեցիները: XVIII դ. վերջին Հաղարծնի վանքն ավերվել է Աղա Մահմեդ Խան Ղաջարի արշավանքի ժամանակ: Իր գործունեությունը վանքը վերստին սկսել է 1862-ից, իսկ 1901թ.` նորոգվել: Այժմ (2012թ) եկեղեցու տարածքում նույնպես ընթանում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am