Գնդեվանք, Վայոց Ձոր, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԳնդեվանքը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում: Այն հիմնադրվել է X դարում Սյունյաց իշխանուհի Սոֆիայի կողմից: Վանքը նախատեսված էր ձորի ճգնավորների համար և կոչվեց նրանցից մեկի` Սուփան Գնդունու անունով: Շինարարության գործընթացը կառավարում էր երեց Եղիշեն, այն ժամանակվա հայտնի նկարիչներից մեկը:
Գնդեվանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 931-936թթ. սրբատաշ բազալտից, խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է: Ներսից պատերը զարդարված են որմնանկարներով: Մինչև օրս պահպանվել է միայն Քրիստոսին պատկերող որմնանկարի մի հատված: Գմբեթի վրա ներսից փորված են բարձրաքանդակներ` 4 ավետարանիչների խորհրդանշանների պատկերով:
999թ. վանահայր Քրիստափորը եկեղեցուն կից կառուցել է գավիթ: Վերջինս նմանատիպ կառույցներից հնագույներից մեկն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը:
1604թ. Գնդեվանքն ավերվել ու քանդվել է պարսից շահ Աբբասի կողմից: Միայն 1691թ. վանահայր Պետրոս վարդապետի նախաձեռնությամբ սկսվեցին վանքի վերակառուցման աշխատանքները: Նա պարսպապատեց վանքը և պատերի երկայնությամբ կառուցեց բնակելի ու տնտեսական սենյակներ: Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ է ստեղծվել ավանդատան հյուսիսային պատի վրա պահպանված որմնանկարը, որի վրա պատկերված է Մարիամ Աստվածածինը: Այդ որմնանկարը դասվում է ուշ միջնադարյան հայկական կերպարվեստի գլուխգործոցների շարքին: Վանքի տարածքում գտնվող խաչքարերը և տապանաքարերը վերաբերվում են X-XIV դդ.:
1965-1970 թթ. վանքի տարածքում վերականգնողական աշխատանքներ էին տարվում:
Հոդվածը Լիլիթ Վանեսյանի , www.building.am