Գլխո վանք, Թալիշ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԳլխո վանքը (կամ Հոռեկա վանքը), գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարալանջին:
Համաձայն Մովսես Կաղանկատվացու, վանքը վերաբերվում է V դարին: Իր երկար պատմության ընթացքում վանքը բազմիցս անգամ ավերվել է, քանդվել և վերակառուցվել: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում եկեղեցին, գավիթը, զանգակատունը, մեծ գերեզմանը և մի շարք քանդված շինություններ:
Համաձայն շինության արձանագրությանը, եկեղեցին կառուցել են վանականներ Ստեփանոսը և Հովհաննեսը 1279թ.: Այն պատկանում է միանավ թաղածածկ շինությունների տիպին: Հնագույն դամբարանով խորանի քառակուսի բեմը մնացել է դեռևս հին կառույցից: Եկեղեցին կառուցելիս օգտագործվել են հին շինություններից մնացած եզրազարդերը և խոյակները: Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը պարզ է և զուսպ:
Արձանագրության համաձայն, վանքի գավիթը կառուցվել է 1284թ.: Այն քառակուսի թաղածածկ դահլիճ է: Գավիթը միաժամանակ ծառայել է որպես գերեզմանատուն հոգևորականների համար: Պահպանվել են զարդաքանդակներով տապանաքարերը, որոնք գեղարվեստական և պատմական արժեք ունեն: Արևմուտքից եկեղեցուն կից է փոքր զանգակատունը, որը կառուցվել է XVII դարում:
Եկեղեցու և գավիթի պատերի մեջ տեղադրված են բազմաթիվ խաչքարեր: Բացի այդ վանքի տարածքում նույնպես պահպանվել են խաչքարեր, որոնք թվագրվում են XI և հաջորդող դարերով: Խաչքարերի վրա քանդակված են հեծյալների, հոգևորականների պատկերները, տարբեր կենցաղային տեսարաններ, ինչպես նաև բուսական և երկրաչափական զարդանախշեր:
Վանքի ընդարձակ գերեզմանը ծածկված է հարուստ զարդարված տապանաքարերով: Մինչ այսօր պահպանվել են այստեղ թաղված հայկական ազգային-ազատագրական շարժման մասնակիցների տապանաքարերը: Նրանց թվում է Շամիր-խանի մահարձանը (Շամիր-խանը եղել է Երմոլովի ռուսական բանակի շտաբի պետ, ապա Գրիբոեդովի քարտուղար և թարգմանիչ, ինչպես նաև 1813թ. Գյուլիստանի պայմանագրի ստորագրման մասնակից): Գերեզմանոցը հարուստ է Մելիք-Բեգլարյանների իշխանական տոհմին պատկանող տապանաքարերով:
Հոռեկա վանքը շրջապատված է պատերով, որոնց տակ պահպանվել են կիսաքանդ շենքեր (ժողովրդական անվանումը “պատերի տակ”):