Գլեմիս Ամրոց, Սթրաթմոր, Շոտլանդիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Ամրոցի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XV դարին, սակայն այդ ժամանակ այն ոչ թե ամրոց էր, այլ որսորդական տնակ: Ամրոցն ինքը կառուցվել է XVII դարում: Տիկին Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը` Մայր-թագուհին ծնվել և մեծացել է այստեղ: Գլեմիսը շատ գեղեցիկ ամրոց է շքեղ իտալական ու հոլանդական այգիներով, անտիկվարային կահույքով ու արվեստի թանկարժեք գործերով: Ճաշասենյակը զարդարված է XIX դարի ոճով, իսկ գրադարանում կարելի է գտնել հազվագյուտ գրքեր:

Չնայած այս ողջ շքեղությանը, ամրոցում երեկոյան զբոսնելը բավականին սարսափելի կարող է լինել: Ինչպես և այլ ամրոցներ Միացյալ Թագավորությունում, Գլեմիսը նույնպես ունի իր ուրվականները: Տեղացիները պատմում են, որ այստեղ կարելի է հանդիպել շատ տարբեր ուրվականների: Ամեն ինչ սկսվեց 1372թ., երբ ապստամբ վասալները դաժանաբար սպանեցին Մալքոլմ II Շոտլանդացի արքային: Հատակը ներծծել էր նրա արյունը, և մինչ օրս երևում է արյան հսկայական լճի հետքը, իսկ թագավորի հոգին երբեմն-երբեմն այցելում է իր տունը: Մեկ այլ ուրվական հայտնվեց ամրոցում 1466թ.: Համաձայն լեգենդի XV դարում Շոտլանդիայում ապրում էին երկու թշնամի ընտանիքներ` Օգիլվի և Լինսի: Մի օր անգլիացիները հարձակվեցին Օգիլվի ընտանիքի ամրոցի վրա. ընտանիքի կանայք որոշեցին ապաստան խնդրել Գլեմիս ամրոցում: Սակայն ամրոցի տեր Քևին Լինսին շատ խարդախ ու չար մարդ էր: Նա օգտվեց կանանց անօգնական վիճակից, փակեց նրանց ձեղնահարկում ու դատապարտեց սոված մահվան: Մինչ օրս նրանց հոգիները, որոնք մահից առաջ թողություն չստացան, շրջում են ամրոցով: XVII դարում ամրոցն անցավ դուքս Սթրաթմորին, որը հայտնի էր իր գինարբուքներով ու թղթախաղերի հանդեպ մեծ սիրով: Մի անգամ նա իր ընկերների հետ թղթախաղ սկսեց շաբաթ երեկոյան: Կեսգիշերին մոտ ծառաները նրան հիշեցրին, որ կիրակին մոտենում է, իսկ քրիստոնյային հարիր չէ այդ օրը նման թեթևամտությամբ զբաղվել, սակայն նա հայտարարեց, որ չի դուրս գա սեղանից նույնիսկ եթե ինքը Սատանան այցի գա իրեն: Ուղիղ կեսգիշերին կայծակ խփեց, ու սենյակում հայտնվեց Սատանան ու ասաց, որ նրանց հոգիներն այժմ իրեն են պատկանում: Այսօր երբեմն կարելի է հանդիպել կոմս Սթրաթմորին իր ընկերների հետ, ով ստիպված է մինչև Քրիստոսի Երկրորդ Հայտությունը թուղթ խաղալ:

Ամրոցում այնքան չարագուշակ մթնոլորտ է տիրում, որ Շեքսպիրին այն ոգեշնչեց նկարագրելուՄակբեթի կողմից Դունկան արքայի սպանության տեսարանը սենյակներից մեկում համանուն ստեղծագործության մեջ:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ