Տուն Ջրվեժի Վրա, Պենսիլվանիա, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Տունը կառուցվել է 1934թ. Պիտսբուրգից խոշոր ձեռնարկատեր Էդգար Կաուֆմանի համար, ով ցանկանում էր ընտանեկան հանգստի համար փոքրիկ տնակ կառուցել, իսկ արդյունքում հայտնվեց ճարտարապետության պատմության մեջ: Նախագծի հեղինակը Ֆրենք Լլոյդ Ռայթն է: Պատվիրատուի հետ նրա առաջին հանդիպումից մինչ շինարարության սկիզբն անցան երկար 9 ամիսներ: Այս տունն իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն` ХХ դարի 30-ական թվականների տեխնիկական պրոգրեսի վերջին խոսքին համապատասխան: Ռայթը ճապոնական փիլիսոփայության և «օրգանական ճարտարապետության» հետևորդներից էր: Նրա միտքը կայանում էր նրանում, որ տունը դառնա բնությանը համահունչ մի մասնիկ: Տունը ճանապարհին աճող թոշնած մրտավարդերի գույնին է: Տան ներքին հարդարանքի ու բնության տեսարանի միջև հարմոնիան ընդգծելու համար Ռայթն օգտագործել է միևնույն նյութերը թե դրսի, թե ներսի համար: Միջսենյակային դռները ապակուց են, իսկ պատուհանները հատակից մինչև առաստաղ են ձգվում` թույլ տալով, որպեսզի բնական լույսը ներթափանցի սենյակ ջնջելով սահմանը դրսի և ներսի միջև: Իմիջիայլոց տանը չկան շեմեր ու պատուհանի շրջանակներ. ապակիները պարզապես միանում են պատերին:

Ռայթը նաև նորարար էր ու ավանգարդ ոճի սիրահար: Դրանում կարելի է համոզվել տանը պարզապես շրջելիս. հատակ, որը պատրաստված է ոչ թե հարթ սալիկներից, այլ խորթուբորդ քարերից, եռոտանի աթոռներ, որոնց վրա նստելն իսկական հերոսություն կլինի: Բացի այդ տան տեսարժան իրերից է նաև մեծ թեյնիկը, որ հատուկ հարմարանքով շարժում է դեպի բուխարին և դուրս է գալիս այնտեղից: Ճարտարապետը հրաժարվել է արտաքին լուսավորությունից, ու երեկոյան տունը նմանվում է մի մեծ լամպի անտառի մեջտեղում: Այս ամենը պատկերացնելիս միայն այստեղ ապրելու անբացատրելի ցանկություն է առաջանում:

Այս հիացմունքի արժանի տունը, սակայն, կառուցվում էր Ռայթի և Կաուֆմանի միջև կոնֆլիկտների ֆոնի վրա. Ռայթը չափազանց հաստատակամ էր իր որոշումներում ու կարողանում էր իր գաղափարներն առաջ տանել: Արդյունքում տան շինարարությունը Կաուֆմանի վրա նստեց 155 հազար ԱՄՆ դոլար (այդ տարիներին Պենսիլվանիայում մեկ տան շինարարությունը արժեր միջինը 5-6 հազար ԱՄՆ դոլար): Չնայած նրան, որ տան ներքին հարդարանքն առաջացնում է “հարմարության”, հանգիստ ընտանեկան կյանքի, երեք երեխաների ու բարի շան զգացումներ, այն ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ տներից մեկը: Իզուր չէ, որ Ռայթը պաշտպանում էր իր տեսակետներն ու չէր զիջում ոչ մի հարցում. միայնակ տնակ մութ անտառի մեջտեղում, ջրվեժի ձայնի մշտական ուղեկցություն, հատակից առաստաղ պատուհաններ: Այս ամենի մեջ կա ծայրահեղ մտերմություն ու սեքսուալություն, այն, ինչ այս տունը դարձնում է շատ ավելի սեքսուալ, քան աշխարհի բոլոր ֆալլոսանման շենքերը:

1963թ. Էդգար Կաուֆման կրտսերը նվիրաբերեց տունը Արևմտյան Պենսիլվանիայի Արգելավայրի: Այժմ այն ծառայում է որպես թանգարան (տունը տարեկան այցելում է մոտ 120 հազար մարդ): Մինչ օրս շշմեցուցիչ են թվում այստեղի ճարտարապետական լուծումները, որոնք չափազանց խիզախ ու առաջադեմ էին այն ժամանակի համար:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ